07.06.2016

Որտե՞ղ կորցրի քեզ




Ես մենակ եմ, բոլորովին մենակ։ Ոչ մեկի պետք չեմ և ոչ էլ՝ շանս։ Չկա ոչինչ, հանուն ինչի հնարավոր է ապրել։
Առաջ ինձ հետ էիր դու։ Նա, որին ես միշտ սեր էի անվանում, թեպետ դու երբեք նման չէիր ինքդ քեզ։ Ինչ որ է, դա արդեն կարևոր չէ, որովհետև դու... Ես անզգուշաբար կորցրի քեզ։
Ես ունեի մի բրդոտ ու հավատարիմ շուն։ Բայց մի օր նա կծեց իմ շոյող ձեռքը։ Այդ օրվանից ես նրան չվստահեցի ոչ իմ անձրևը, ոչ իմ քամին...
Ես գտա մի սիրունատես պատանի և չգիտես ինչու ինձ թվաց, թե նա կարող է ավելի հավատարիմ լինել, քան շունը։ Ես նրան վստահեցի իմ հեղեղը, իմ փոթորիկը... Բայց նա գտավ ուրիշի ու, ձեռքից բռնած, տարավ իր տուն։ Այդ սպիտակազգեստ կույսի սպիտակ կոշիկի տակ փշրվեցին իմ հեղեղն ու փոթորիկը...
Մի օր փողոցում ես հանդիպեցի մի երջանիկ մուրացիկի, որ մատը տնկել էր վերև։ Ես նայեցի մատի ուղղությամբ ու տեսա Աստծուն։ Նա բարի ու մեծահոգաբար ժպտում էր։ Ես նրանից զեփյուռ մուրացի ու մի քիչ ցող և, որպես հատուցում, մեկնեցի ցավս՝ միակն, ինչ ունեի... Իսկ նա ժպտում էր ու ժպտում։ Նրա բարի ու մեծահոգի ժպիտի մեջ տարրալուծվեց զեփյուռի ու ցողի իմ երազը։
Որտե՞ղ կորցրի քեզ... Քեզ, որին միշտ սեր էի անվանում, թեպետ դու երբեք նման չէիր ինքդ քեզ։ Չգիտեմ։ Բայց այլևս  չկա ոչինչ, հանուն ինչի հնարավոր է ապրել... Ես մենակ եմ, բոլորովին մենակ, պետք չեմ ոչ մեկի և ինձ զգում եմ փողոց շպրտված դատարկ շշի նման։


 
1996 թիվ
ԾԻԿ գրքից

05.06.2016

Տափակ պատմություն



Կա՞ արդյոք ավելի տափակ պատմություն,
քան պատմությունը այն մարդու,
որ ավազե ամրոցը ծովափին թողեց կիսաշեն
և գնաց կառուցելու տուֆակերտ տուն
քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում՝
իսկական պարսպով, պտղատու ծառերով,
պատուհաններից բացվող ինչ-որ տեսարանով։

09.05.2016

Եթե աշխարհի վերջը լինի առաջիկա կիրակի



 
Պատկերացրեք՝ Աստվածը… Համաձայն եմ՝ ը հոդով անսովոր է հնչում, բայց ը -ն անհարաժեշտ է Աստծո վերացական ու անմարմին էությունից որոշակի, միս ու արյուն ունեցող կերպար ստանալու համար։ Ուրեմն, պատկերացրեք՝ Աստվածը, վերևում նստած, անդադար ցած է նայում՝ իր ստեղծած մարդկանց, նրանց կառուցած քաղաքներին ու գյուղերին, խորանում նրանց անձնական կյանքի դժվարությունների մեջ, լսում նրանց աղոթքներն ու ցանկությունները… Ստացվում է, որ Աստվածը գիշեր-ցերեկ զբաղված է սերիալ նայելով՝ էլ կրիմինալ, էլ դեդեկտիվ, էլ բանակային,էլ քաղաքական,  էլ կենցաղային, էլ ինչ թեմայով ասես։ Ու ի տարբերություն տնային տնտեսուհիների և նրանց համար մշտապես բանուգործ ապահովող գործազուրկ ամուսինների, որոնք իրենց կյանքի ընթացքում կարող են նայել միայն սահմանափակ թվով սերիալներ, հարգարժան Աստծո համար նման սահմանափակում չկա։ Նա սերիալ է նայում իր արարչագործության սկզբից և նայելու է միչև օրերի ավարտը, իմա՝ աշխարհի վերջը։ Կարելի է պատկերացնել Աստծո ձանձրույթը, չէ՞ որ մարդիկ շատ են, իսկ պատմությունները՝ քիչ, սակայն մյուս կողմից՝ հեռուստասերիալներն էլ են նման մեկը մյուսին, այստեղ էլ են կրկնվում սյուժեները, ֆաբուլաները, բախումները… Բայց տնային տնտեսուհիներն ու նրանց գործազուրկ ամուսինները հերթով նայում են բոլորը, իսկ ոմանք անգամ կրկնություններն են դիտում։ Այդպիսի բան է սերիալը, մեկումեջ որ նայում ես, պիտի նայես։

30.04.2016

Մեր մեղքն այն է, որ հանդուրժել ենք տգետ ու գող իշխանություն

Հարցազրույց գրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանի հետ

- Քառօրյա պատերազմը խլեց մոտ հարյուր (թիվն ամեն օր փոխվում է) հոգու կյանք, իսկ ի՞նչ տվեց փոխարենը մեզ, Արփի, այս միասնականությունը, այս ազգային զարթոնքի մասին խոսակցությունները, կոչերը զուտ պաթոսայի՞ն են, թե՞ ավելի խորքային մի բան փոխվեց մեր մեջ․․․
 - Բոլորս էլ գիտեինք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, տեսնում էինք, թե ինչպես է մեր դաշնակիցը զինում մեր հակառակորդին, հասկանում էինք, որ այդ զենքը մի օր կրակելու է։ Անակնկալը մեր հասարակության եւ մեր բանակի շատ բարձր բարոյական մակարդակն էր, իսկապես աննկուն ոգին եւ մարտունակությունը, որովհետեւ մեզ թվում էր, թե աղքատությունը, սոցիալական անարդարությունը, պարտություններով ավարտվող քաղաքական եւ քաղաքացիական պայքարները, հուսահատությունը բարոյազրկել են մեր հասարակությունը, պատրաստել այն մեծ պարտության։ Այս օրերին տեղի ունեցան բաներ, որ ցնցեցին մեզ, ստիպեցին մեզ վերանայել մեր մասին ունեցած պատկերացումը, ստիպեցին, որ ինքներս մեզ նորից սիրենք։ Սա զարթոնք էր այն իմաստով, որ սթափվեցինք, արթնացանք նինջից, տեսանք, թե ինչքան իրական է վտանգը, եւ թե ինչքան քիչ բան է արել մեզնից յուրաքանչյուրը խաղաղության համար։

14.04.2016

Ինձ սարսափեցնում են այն գրողները, որոնց ստեղծածը չի դիպչում հողին

Անկախության, ժամանակակից  գրողի,  գրականության մասին    Arevelk.am-ի անկեղծ
զրույցը բանաստեղծ Արփի Ոսկանյանի հետ

-Ի՞նչ տվեց անկախությունը գրողին: Անկախության քսանչորս տարիների ընթացքում գրողը կարողացա՞վ օգտվել ազատությունից:

-Չէի ցանկանա առանձնացնել գրողին ժողովրդից։ Ի՞նչ տվեց անկախությունը հայ ժողովրդին։ Իրականացավ նրա դարավոր երազանքը՝ ունենալ սեփական ազգային պետություն։ Կապիտալիզմը հնարավորություն տվեց հայերին իրացնելու և զարգացնելու բնատուր գործարար ջիղը։ Բացեց բոլոր սահմաններն ու ճանապարհները իր գենի մեջ ամուր նստած գաղթականությունը լիաթոք դրսևորելու համար։ Ի՞նչ տվեց դրա դիմաց հայ մարդը՝ սոցիալական ապահով վիճակը, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ, հարևանների հետ խաղաղ համակեցությունը, և շուտով պարզվեց, որ բոլոր խոստումները պարզապես հնարավորություններ են, որոնցից դեռ պետք է կարողանալ օգտվել։

14.03.2016

Բարի նեխում




Մենք ջանասիրաբար փորձում էինք պահպանել մեր առողջությունը՝ մարմնի բոլոր պետքերը ժամը ժամին հոգալով և հոգ տանելով սրտի համաչափ աշխատանքի, նորմալ մարսողության, երիկամների քարաթափման, մկանների չափավոր մարզման ու անգամ անդորրի մասին։

08.03.2016

Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս



Սըս... Չարությունը դանդաղ թողնում է կոկորդս։ Ինչ-որ մի ասեղ, մի քանի հաբ ու մի դյուժին բժիշկ փորձում են վերադարձնել ինձ կորուսյալ դրախտ կոչվածը։
Հարգարժան տիկնայք, հիմա դուք կարող եք գնալ ձեր սուրճը ըմպելու։ Ես այլևս վտանգավոր չեմ։ Ձեր ամուսիններն ինձ ամենևին չեն հուզում։ Հիմա ես գտնվում եմ լիակատար անհուզելիության վիճակում։ Թուլացել են անգամ լնդերիս մկանները։ Ատամներիս փտման պրոցեսը դանդաղել է այնքան, որ հաշվիչը նույնիսկ չի պտտվում։ Եվ, վստահեցնում եմ ձեզ, ոչ մի գրամ չարություն, ոչ մի գրամ... Թեպետ, ինքներդ եք հասկանում, ես վաստակել եմ չարանալու իրավունքը... Բայց այդ մասին սը՜ս... Ոչ մի գրամ չարություն։

06.03.2016

Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան



 Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան և բոլորն ուզում եմ նվիրել քեզ։
Դու ուր որ է կգաս, և ես հավաքել եմ իմ ժպիտներն ու կոկետությունները, իմ կեղծ ու անկեղծ խաղերն ու ձևերը, որպեսզի քո հոնքերը մի քիչ հեռանան իրարից։ Ես չգիտեմ՝ ով ես դու, թեպետ անգիր գիտեմ քեզ։ Հազար անգամ նայել եմ տխուր աչքերիդ, հազար անգամ սուզվել հոգուդ խորքը և մարգարտացած տառապանք հանել այնտեղից։ Դու ուր որ է կգաս։
Հենց գաս, ես կվազեմ, կփաթաթվեմ քեզ կարոտած ու կասեմ.
- Ներիր ինձ, եթե քեզ երբևէ ցավ պատճառեմ. ես մի քիչ քմահաճ եմ, մի քիչ վայրի... 
Բայց այսօր ես պատրաստ եմ քավել իմ բոլոր մեղքերը, որ դեռ չեմ գործել... Չե՞ս հավատում։ Ես համբույրներով կբուժեմ քո բոլոր վերքերը, որ դեռ չես ստացել։ Ես կպարեցնեմ քեզ իմ ծիծաղի ակորդների տակ ու կպտտվեմ քո ուրախության հետ։ Հետո մենք կբարձրանանք աշխարհի ամենաբարձր գագաթը, որ վերևից նայենք տխուր աշխարհին։ Մենք կբռնվենք իրարից, որ չըկնենք, և միասին կմոռանանք, թե ինչ բան է տառապանքը...
Ա՜խ, ինչո՞ւ չես գալիս։ Ես ունեմ ընդամենը մի քանի վայրկյան, բայց մի ամբողջ կյանք եմ վատնում քեզ սպասելով...

1995
ԾԻԿ գրքից