25.04.2015

Արձակ բանաստեղծություններ



***
Եկե՞լ ես։ Շատ մի հապաղիր դռան մոտ, շուտ ներս մտիր։ Մտիր համարձակ և ուրախ։ Պայծառ ժպիտովդ լցրու հոգիների խոնավ անկյունները, բայց աշունից պահված մի քանի չոր տերևները մի փշրիր։ Թող քո բերած ուրախության ծովի մեջ լուծվի այդ մի քանի կաթիլ թախիծը։ Ականջ դիր հոգու պատմություններին, ուրախացիր անկեղծ և անկեղծ տխրիր։ Միայն երկար մի մնա այնտեղ, ուր հյուր ես։ Գողացիր այն, ինչ եկել ես գողանալու և թող այն, ինչ պիտի թողնես ու... Անհայտացի՛ր՝ անավարտ թողնելով խոսքդ։ Եվ այնժամ դուռը հետևիցդ չի շրխկա ձանձրացած ու չի ասի՝ գնաց վերջապես։
Դուռը զարմանքից բաց կմնա ու արցունքոտված աչքերով կափսոսա՝ ի՜նչ շուտ գնաց։
1995

Իմ և Աստծո միջև կանգնած է մեղքը

***
Իմ և Աստծո միջև կանգնած է մեղքը։ Ես տեսնում եմ նրան այնպես պարզ, ինչպես ինքս ինձ հայելում։ Նրան ոչ մի ներում չկա։ Եվ ոչ էլ ինձ։ Ի՞նչ ներման մասին կարող է լինել խոսքը, երբ ես կռապաշտ եմ։
Իմ և Աստծո միջև կանգնած է իմ կուռքը։ Նա հետևում է ինձ իր հուր աչքերով, ուր էլ որ գնամ։ Նա ինձ է հառել իր արևային հայացքը, որից փախչել ես չեմ կարող։ Եվ ես վախենում եմ նրանից, ինչպես Աստծուց։
Իմ և Աստծո միջև կանգնած է իմ Աստվածը։ Նրանից են կախված իմ բախտն ու ճակատագիրը։ Կուզի՝ երջանկություն կտա ու բերկրանք, կուզի՝ ցավ, տառապանք ու անթիվ արցունքներ։ Նա է իմ սրտի միակ տերը։
Իմ և Աստծո միջև կանգնած է իմ սիրտը։ Այն հանդգնել է սիրել մարդուն, հանդգնել է աստվածացնել նրան ու երկրպագել մոլի։ Այլևս ի՞նչ ներման մասին կարող է լինել խոսքը, երբ...
Իմ և Աստծո միջև կանգնած ես... Դո՛ւ։

1995


«Ծիկ» գրքից

23.04.2015

Ես վաղ եմ արթնացել...

***
Ես վաղ եմ արթնացել, բայց թարմ ձյան վրա արդեն ոտնահետքեր կան։ Ինձ անծանոթ ու օտար ինչ-որ մեկն ինձանից վաղ է արթնացել և հասցրել է տրորել այս չքնաղ ձյունը։ Տրորել է ու անցել՝ իր կոպիտ հետքը թողնլով ձյան վրա։ Ես ուշացել եմ։

Ես վաղ եմ եկել, բայց քո մազերի ձյունին օտար մատնահետքեր կան, քո շուրթերին՝ օտար համբույրների հետքեր։ Օտար հայացքից մխացող վերքեր կան քո հոգում ու... սպիներ։ Եվ ինձ անծանոթ ինչ-որ մեկը անգթաբար տրորել է դրանք ու անցել։ Անցել է՝ իր ցավոտ շոյանքների հուշը թողնելով քո հոգում։ Ես ուշացել եմ...

Բայց ո՛չ, ես չեմ ուշացել։ Ես եկել եմ ճիշտ ժամանակին։ Իմ մատների խորամանկ խաղով ես կջնջեմ օտար մատնահետքերը քո մզերի ձյունից։ Քնքուշ համբույրներով կքշեմ քո շուրթերից համբույրները օտար։ Եվ քո սպիներն ու վերքերը կամոքեմ սիրո՛վ։
Ես չեմ ուշացել։

1994

«Ծիկ» գրքից

20.04.2015

KAZAKI



գարուն է
էլի ղզղնել են
պատերազմ է լինելու
ամբիոնները գրավել
ռմբակոծում են ճառերով
հայրենիքի դրոշն են ծածանում
ու վանկարկում անունը
մարզադաշտից դեպի մարտի դաշտ
ոգեշնչումից մինչև հոգեհանգիստ
կորուստներն եմ հաշվում
ու սքանչելի է
արյունը որ հեղվելու է
մթան մեջ շեղբեր են փայլելու
և ճայթելու է վառոդը
ու սեր է լինելու մեծ
ու մահ
թեթև ու հեշտ

2006

18.04.2015

Այս տանն ապրել են



 Գլուխս կախել  էին  պատին՝ որպես տխուր արտահայտությամբ դեմքի նմուշ։ Բոլոր ծակոտիներից արցունքների կաթիլներ էին կախվել։ Մարդիկ նայում էին ու ասում.
- Այսպիսի շոգ վերջին անգամ եղել է անցած դարում։
- 67 թվին։
- 68,- ճշտեց միջին տարիքի տիկինը, որ ձեռքին խառը կանաչու փունջ ուներ։
- Դիմագծերի ինչպիսի համաչափություն,- ասաց անդեմ մեկը,- կատարելության տիպար։
- Նայե՛ք, այստեղ գործ ունենք կերպարի իդեալականացման հետ,-  ասում էր արվեստի պատմության դասախոսը ուսանողներին,- նման դեմքեր կյանքում չեն հանդիպում։
Ծխող տղամարդուն դեմքը ծանոթ թվաց, բայց չէր կարողանում  տեղը բերել։
Ուսանողուհիներից մեկը հեծկլտաց։
- Հիվա՞նդ ես,- անհանգստացավ դասախոսը։
- Ինչո՞ւ է լացում,- փորձելով զսպել արցունքները՝  հարցնում էր ուսանողուհին,- ո՞վ է նեղացրել։
- Չի լացում, քրտնել է,- ասաց դասախոսը։
- Շատ շոգ է,- ասաց խառը կանաչիով կինը,- այսպիսի շոգ…
- Ի՞նչ է սա 45-ի շոգի համեմատ,- ընդհատեց մեդալազարդ, կարկատած բաճկոնով ծերուկը,- դուք չեք կարող հիշել, այն ժամանակ երևի ծնված էլ չէիք…
-Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ,- դողդոջուն ձեռքերը դեպի նա պարզած՝ ասաց պառավը,- դա մոռանալն անհնար է…
-Ինչպե՞ս չեք տեսնում,- ուսանողուհին չէր կարողանում զսպել արցունքները,- նրան նեղացրել են, նա դժբախտ է։
-Արևային հարված է,- ասաց խառը կանաչիով կինը։
-Երբ վերադարձանք Բեռլինից,- շարունակում էր ծերուկը,- ծարավ էինք։
-Գիշերները քնել չէր լինում,- ավելացրեց պառավը։
- Ի՞նչպես չեք տեսնում,- գոռում էր ուսանողուհին,- ինչպե՞ս չեք տեսնում։
- Գնա տուն,- ասաց դասախոսը։
- Գիշերները սպիները նվվում էին։
-Սիրած աղջիկներից շատերը չէին սպասել։
Ուսանողներից մեկի աչքերը  քրտնեցին։
-Սա ի՞նչ համաճարակ է,- բացականչեց դասախոսը,- քե՞զ ինչ եղավ։
-Ոչինչ,- ասաց տղան,- պարզապես գեղեցիկ է։
- Հինգ տարում դեռ շատ գեղեցիկ բաներ եք տեսնելու, ամեն մեկի վրա որ լացեք, պետականներից կտրվելու համար արցունք չի մնա։
- Շոգ է,- ասաց խառը կանաչիով կինը։
Պառավը ինքնամոռաց տարուբերում էր գլուխը.
- Ամուսինս քնի մեջ գոռում էր…
Չէ՛, տեղը չի բերում։ Չէ՛։
- Ես եմ մեղավոր,- ասաց տղան,- նա կարող էր ապրել։
Ծխող տղամարդը միզելու ցանկություն ունեցավ։
- Սովորական դեմք է,- ասաց՝ նետելով ծխախոտն ու շրջվելով։
-Վերածննդի վարպետներից թխած։
-Ոչ մի արտառոց բան։
-Այսպիսի դեմքեր Երևանում թափած են ամեն քայլափոխի։
- Չես կարողանում ազատվել զգացողությունից, թե ճանաչում ես։
Պառավը տարուբերում էր գլուխը։
- Որովհետև այն տիպականացված է ,- ասաց դասախոսը,- տիպականացված ու իդեալականացված։
- Իդեալականը Բաղրամյանի վրա կանգնողներն են,- ասաց ծիծաղեցնելու  ցանկությամբ տառապող մի անցորդ՝ շարունակելով ճանապարհը նեղացած, որովհետև ոչ ոք չծիծաղեց։
Տղամարդը հեռանում  էր գլուխը կախ՝ վախենալով նայել շենքերին, որ քայլում էին հակառակ ուղղությամբ։
-Այո,- ասաց ծերուկը,- դա մոռանալն անհնար է։
Պառավը տարուբերում էր գլուխը։
-Շոգ է,- ասաց խառը կանաչիով տիկինը։
Ես հոգնեցի ու փակեցի աչքերս։

11.04.2015

ԱՐՏԱԳԱՂԹ



Ես լսում եմ՝ ոնց է հարևանի կեղտաջուրը
կաթկթում ժանգոտ խողովակներից՝
տխուր ու միալար՝ աշնան անձրևի պես,
հոսում -լցվում է տրապի մեջ
ու կաթկթում տակի հարևանի գլխին
հաղթական ռիթմերով։
Կողքի հարևանի երեխան անվերջ
դո մաժոր գամման է կրկնում
լարից ընկած դաշնամուրով։
Ես լսում եմ՝ ոնց է բաբախում
տակի հարևանի զարկերակը
ճնշում չափելու համար կանչված
կողքի հարևանի ականջների մեջ։

09.04.2015

ՄԱԶԵՐ ԵՐԱԿՆԵՐ


քայլում եմ ծաղկած ծառերի կողքով
ձմռան ընթացքում քաշ եմ հավաքել
մազերս ավելի են երկարել
դժվար է գլուխը պահել բարձր
վզի վրա պահել

քայլում եմ ու հետևիցս մազերի գետ է հոսում
ծառերից ծաղիկներ են թափվում մազերիս մեջ
ծխախոտի մնացորդներ պատշգամբներից
մազերս հեղեղել են փողոցները
դժվար է շնչելը

ծաղկած ծառերի հոտից ցավում են թոքերս
կոկոն աղջիկների տեսքից ցավում է սիրտս
ձմռան ընթացքում երեսուն տարեկան եմ դարձել
ու էլի չգիտեմ
մազերս կտրեմ թե երակներս

ծաղկած ծառերը բուրում են կոկոն աղջիկների պես
անտանելի է նրանց կողքով քայլելը
մազերս կիևյան կամրջից կախել
նայում եմ ոնց է խառնվում գետին
ինձնից գահավիժող մազվեժը

քամին ալեկոծում է մազերս
ծածանում փռում երկնքով մեկ
քամին մազերիցս փոթորիկ է սարքել
պինդ բռնվել եմ բազրիքից
դժվար է չթռչելը

2008

«Անտերուդուս» գրքից

08.04.2015

ՀՈԳԵԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ



Անթրաշ, անլվա, անխնամ,
Երբևէ  չսիրված մարմնով
մարմինների արանքը խցկվող
համատեղ երթի, դոփյունի,
միասնական ուժի մեջ
վախը խեղդելու համար,
հացադուլներից ու
հոգևոր սննդի չարաշահումից
շարքից դուրս եկած
աղեստամոքսային տրակտով,
անատամ, փրփրած բերանով
աղաղակող, գայթող, ցնցվող,
գենետիկ հիշողության կորստով,
մտավոր թերզարգացմամբ,
դաշտանային ցիկլի խանգարումներով,
հիրսուտիզմով և հերսոտությամբ,
հիվանդության կնիքը՝ վերջույթներին
և խելագար հայացքի մեջ,
որտեղ շառաչ է և ցասում,
անփարատելի վախ,
փշրվող ատամների կրճտոց։

2004

«Անտերուդուս» գրքից