16.02.2016

Ո՞ւր ես դու




Ո՞ւր ես դու, ինչո՞ւ չկաս...
Կիթառս ցրտից կուչ է եկել և քո տաք գիրկն է երազում, ուր այնպես հաճելի է ու ապահով։ Երազում է սեղմվել քո կրծքին։ Կիթառս քո արարիչ, քո կենարար մատներն է երազում։ Քո տա՜ք մատները, որ այնպես լավ են տիրապետում կիթառիս լարերին...

Ո՞ւր ես դու, ինչո՞ւ չկաս...
Սիրտս ցրտից կուչ է եկել և քո տաք գիրկն է երազում, ուր այնպե՜ս հաճելի է ու ապահով։ Երազում է հպվել քո տաք սրտին։ Սիրտս քո կանաչ, քո կենարար հայացքն է երազում Քո տա՜ք հայացքը, որ այնպես լավ է տիրապետում սրտիս լարերին...

Ո՞ւր ես դու, ինչո՞ւ չկաս...

1995
ԾԻԿ գրքից

14.02.2016

Պինդ բռնիր



Գիշեր է։ Քո փոխարեն թաց բարձն եմ գրկում ու սեղմում արցունքներից ուռած աչքերիս։ Թվում է, թե հետս ես, բայց...
Մենք այնքան հեռու ենք, որ երազելն անգամ ավելորդ է։ Մեզ անհամար պատեր են բաժանում, անհամար փակ դռներ, լռած հեռուստացույցներ, քնած մարդիկ... Անհամար շենքեր են ընկած մեր միջև, փողոցներ, հանգած լապտերներ, շատրվաններ, ծառեր, պուրակներ, անտառներ, սարեր, ձորեր... Եվ հազարավոր կաղկանձող շներ։
Տարածություններ են բաժանում մեզ՝ տիեզերքի համար չնչին մի բան։ Եվ ժամեր՝ մի ամբողջ հավերժություն։ 
Ինչքա՜ն շատ բան է բաժանում մեզ։ Ամեն ինչ, ինչ կա այս տիեզերքում, մեզ բաժանում է։ Բայց կա մի լար, որ միացնում է մեզ՝ հեռախոսալարից բարակ, ձայնալարից զգայուն ու կիթառի լարից զիլ։ Եվ այդ անտեսանելին չգիտի ոչ խոչընդոտ, ոչ տարածություն, ոչ ժամանակ...
Նա ձգվում է միայն իմ ու քո միջև։ Եվ ես, ամուր բռնած նրա ծայրը, լսում եմ քո գուրգուրող ձայնը, զգում քո հարազատ հայացքն ու սեղմվում քեզ։ Զգում եմ քեզ այնպե՜ս մոտիկ...
Միայն թե պինդ բռնիր լարի ծայրը ու բաց չթողնես. այդ լարը Սերն է։

1995 թիվ
 ԾԻԿ գրքից

30.12.2015

Ամանորյա հուշեր Արփի Ոսկանյանից


Մոռացված Ամանորը
Պատմում է բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը․
«Միշտ ատել եմ Նոր Տարին։ Երբ փոքր էի, ծնողներս ամեն ինչ անում էին, որ ես ինձ այդ օրերին երջանիկ զգամ, բայց Ձմեռ պապին չէի հավատում, ուտել չէի սիրում և որկրամոլության այդ տոնը, որ ուղեկցվում էր իրարարանցմամբ և քրոջս ու մորս չարչարանքով, անտանելի էր ինձ համար։ Հյուրերի հոսքը և հյուր գնալու պարտադրանքը անասելի ձանձրույթ էին պատճառում։

19.12.2015

Երևանի սերն ու դասերը


Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տեսքով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։  Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր անպայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այնքան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից քաղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. << Ի՞նչ պակաս քաղաք ա Ստեփանավանը >>։
Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զավակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. <<Ուզում եմ գնալ Երևան>>։ Հետո ընտանիքս արտագաղթեց Հայաստանից, և  ես Երևան տեղափոխվելու համար շարունակեցի պայքարել Մոսկվայում։

22.11.2015

Հեռու

Որպեսզի դու ապրես, ես պիտի մեռնեմ։
Եվ էլի խրվեց սերը կոկորդում…
Ինչ ահավոր ծանոթ է  ամեն բան։
Կյանքս՝ հին հունական ողբերգություն՝
վաղուց գրված ու խաղացված,
և հեղինակն է մեռած, և հերոսները։
Ես՝ անհաղորդ հանդիսատես,
կդիտեմ իմ մահը առանց կարեկցանքի.
այնքան հին են կրքերն այդ։
Այն ամենից, ինչ կատարվում է այստեղ ու հիմա,
այն ամենից, ինչ կատարվում է ինձ հետ,
հեռու եմ միլիարդավոր լուսային տարիներ…
Ես զարմանում եմ, որ դեռ խոսում եմ այս լեզվով,
որ խոսում եմ ընդհանրապես,
որ ասում եմ՝ ես և նկատի ունենում ինձ։


1 նոյեմբերի, 2015 թ.

02.11.2015

Մաղթեք ինձ ողջություն, իմ ընկերներ

Մաղթեք ինձ առողջություն, իմ ընկերներ։
Երբ բժիշկները, մարմնիս հակված, փորձեն նորոգել այն,
անէության թմբիրում ճախրելիս
ձեր մաղթանքներն ինձ համար թևեր են դառնալու։

Ես ճախրելու եմ դրանցով հեռուներ՝
այն վայրերը, ուր պատրաստվում էի այցելել,
այն մարդկանց մոտ, ում ցանկանում էի տեսնել...
Ես այդ թևերով վերադառնալու եմ։

30.09.2015

Շուտով՝ աշուն

մտա գրախանութ առանց որոշակի նպատակի
սանրեցի տեղանքը փնտրելով նրան
չգիտեմ ինչու ինձ թվում է
նա սիրում է զբոսնել գրախանութներում