03.04.2019

Anthologie de la poésie arménienne. Table des matières (Poème)

Extrait
2001.Arpi Voskanian
Née en 1978 à Stépanavan, Arpi Voskanian a étudié à l'Académie des Beaux-Arts d'Erévan.
Son recueil de textes intitulé " Tsik " (qu'on peut traduire par Coucou !) a paru à Erévan en 2001.
 (Les coupures sont de nous).

Avertissement : Le texte qui suit juxtapose les clichés célèbres issus de la littérature et des chansons arméniennes. Ils dessinent les contours psychologiques des Arméniens d'Arménie comme s'ils faisaient partie de leur substance même. Inutile de dire que l'auteur les tourne en dérision en établissant des couples antagonistes ou des continuités on ne peut plus suggestives ou grotesques. Il est vrai que tout ne peut parler également à un Arménien de la diaspora qui n'aurait pas baigné dans ce type de culture. C'est pourquoi, nous conseillons au lecteur de lire ces faux titres comme s'ils étaient les vers d'un seul et même poème.

25.02.2019

Հումանիզմի ուղիներն այսօր / Humanist paths for today


Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը և Ֆրանսիական աշխարհիկ առաքելություն կազմակերպությունը հրատարակել են հումանիզմին նվիրված անթոլոգիա՝ «Հումանիզմի ուղիներն այսօր» վերտառությամբ։ Ֆրանսիական աշխարհիկ առաքելություն կազմակերպությունը՝ հիմնված 1905-ին, պետական կազմակերպություն չէ, սակայն ավելի, քան 100 տարվա գործունեության շնորհիվ ընկալվում է որպես պետության անբաժանելի մաս։ Կազմակերպութան առաքելությունն է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածումը արտասահմանյան երկրներում։ Անթոլոգիան նույնպես ունի կրթական նշանակություն, այն առաջարկվում է որպես ձեռնարկ կրթական հաստատությունների համար ինչպես Ֆրանսիայի սահմաններից դուրս, այդպես էլ Ֆրանսիայում։ Կազմողների նպատակն է եղել գրական և փիլիսոփայական երկերի միջոցով պատկերել մերօրյա հումանիզմի խնդիրները, ցույց տալ հումանիզմի գաղափարի անցած ուղին վերջին հարյուր տարվա կտրվածքով։

16.02.2019

ՄԱԶԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ



Իմ թանկագին ընթերցող՝ միգուցե միակ ու մինուճար, որ կարդում ես հիմա այս տողերը, ես ուզում եմ պատմել քեզ իմ մազերի մասին՝ իմ փարթամ, խիտ, ծանր, հաստ, չափազանց երկար, արտառոց ու զարմանահրաշ մազերի մասին։ Եթե դու երբևէ չես տեսել մազերս, կարող ես ասածս ինքնասիրահարվածություն համարել, բայց եթե տեսել ես, գիտես, որ իմ մազերն ավելի շատ աշխարհինն էին ու քոնը, քան իմը։ Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե դու պիտի անպայման հիացած լինեիր դրանցով։ Հնարավոր է՝ մազերս քեզ նույնիսկ տգեղ թվացած լինեն կամ քեզ համակած լինի մկրատն առնելու և դրանք կտրելու ցանկությունը։ Մի բանն է հաստատ՝ եթե դու տեսել ես իմ մազերը, դրանք քո հիշողությունից ջնջել չի լինի։
Իմ մազերն արտառոց էին ու արտակարգ, և այս պնդման մեջ չկա մեծամտության կամ ինքնազմայլման տարր։ Այդպիսին են եղել այն առասպելական հերոսների մազերը, որ առյուծի երախ էին ճղում, տաճարներ քանդում ու միայնակ դուրս գալիս զինված զորքի դեմ։ Այսպիսին են եղել երբևէ ապրած և բարձրումեծ խարույկների մեջ մոխրացած վհուկների վարսերը։ Այսպիսին պիտի որ եղած լինեն խորթ մայրերի ձեռամբ ձեղնահարկում կողպված գեղեցկուհիների վարսերը, որ նրանք կախում էին պատուհանից, որպեսզի սիրածները դրանցով վեր մագլցեն։
Գիտեմ, դու հիմա կասկածանքով կկոցում ես աչքերդ ու մտածում, թե ոնց նրբանկատորեն հարցնես ինձ՝ հո լրջորեն չե՞մ կարծում, թե մազերի մեջ իսկապես գերբնական ուժ կա, և այդ հին առասպելների ու հեքիաթների մեջ՝ գեղեցիկ փոխաբերություններից զատ ինչ-որ ճշմարտություն։ Ոչ, իհարկե, չեմ կարծում։ Որովհետև համոզված եմ։

ՄԱՐՏԻ 2


Մեր տունը լիքը ճամպրուկ ու պայուսակ է, շարժվելու տեղ չկա։ Մենք գնում ենք։ Չգիտեմ՝ ուր ենք գնում՝ երկրի խորքը, թե երկրից դուրս, բայց հաստատ գիտեմ՝ արտագաղթում ենք։ Ավելի ճիշտ՝ քոչում ենք։ Որովհետև պարտվել ենք ու հոգնել, հինգ տարվա մեր պայքարը արդյունք չտվեց։ Մենք էլի կմնայինք ու արդարացի կլիներ, եթե մնայինք-տանջվեինք էն երկրում, որը չկարողացանք երկիր դարձնել, բայց մենք հիմա երեխա ունենք, մեզ վրա պատասխանատվություն է դրված, մենք պարտավոր ենք նրա համար ապահովել բարեկեցիկ ու բախտավոր կյանք։ Կամ գոնե պարտավոր ենք հեռացնել նրան այնտեղից, որտեղ նրան վտանգ է սպառնում։ Դրա համար էլ գնում ենք։ Հնարավոր է գյուղ՝ ապացուցելու, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը, հնարավոր է՝ արտերկիր։ Դեռ պարզ չի։
Երեկոյան միտինգ կա։ Հանրահավաք։ Գայթակղությունը մեծ է։ Կարելի էր արտագաղթելուց առաջ մի վերջին անգամ միտինգի մասնակցել, բայց այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ես ու ամուսինս վճռել ենք, որ այլևս ոչ մի միտինգ։ Նախ՝ չի բացառվում, որ այդ միտինգին միայն ես ու ինքը լինենք, որովհետև մեր ընկերները վաղուց կամ արտագաղթել են, կամ ծախվել ու հիմա ծառայում են ռեժիմին։ Եվ երկրորդ՝ որ ի՞նչ։ Մեզ համար, իհարկե, հանրահավաքի մասնակցելը մեծագույն հաճույք է, բայց հանրահավաքը չի կարող ինքնանպատակ լինել։ Եվ բացի այդ, մեր երեխան հիվանդացել է, մենք պարտավոր ենք զբաղվել նրանով։ Մեզնից մեկնումեկը պիտի նստի նրա հետ, իսկ մյուսը իջնի դեղատուն՝ դեղ բերելու։ Ես ասում եմ՝ դու գնա, հետո մտքովս անցնում է, որ կարող է չդիմանա գայթակղությանը ու ձեռի հետ միտինգի գնա, երկու քայլ տեղ է, հենց շենքի հետևի այգում, ու ասում եմ՝ չէ, ես վազելով իջնեմ, գամ։ Ես դեմ չեմ, որ միտինգի գնա, եթե սիրտն ուզում է, թեկուզ ինձնից թաքուն, բայց երեխային դեղը շտապ է պետք, և ես խալաթը գցում եմ վրաս ու իջնում մեր շենքի տակ գտնվող դեղատունը։

23.01.2019

Ապաքաղաքական բանաստեղծություններ





ԶԱՏԻԿ


Միասնության կոչերից հազար անգամ թանկ է
բաժանարար գիծը՝
իմ ու ձեր արանքում,

Գրկախառնության մեջ
ձեզ միաձուլվելուց՝
զատումը ձեզնից,
ձեզ սիրելուց՝
ձեզ ատելը,
զտվելը։

Մենք երբեք չենք քայլի միասին,
եթե անգամ դա ոչ թե զբոսանք,
այլ երթ է
հանուն արդարության,
ազատության
և հայրենքի։
Առավել ևս։


18.11.2018

Դու մենակ ես

ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ

Համբարձում Համբարձումյանին



Դու մենակ ես
ու դու դա գիտես,
քեզ ոչ ոք չի խաբի։
Դու փորձում ես քայլել,
հա փորձում ես քայլել,
բայց դու ճանապարհն ես։
Փոքրիկ, ժրաջան արարածներ
վազվզում են քո վրայով՝
անսկիզբ ու անվերջ։
Փոքրանում, փոքրանում, փոքրանում ես,
այնքան շատ ես ուզում ժպտալ նրանց, 
ում ստեղծեցիր։
Բայց դու դեռ ահռելի ես՝
անապատ, օվկիանոս ու երկինք,
նրանք քո ժպիտը չեն տեսնում։
Դու մենակ ես։
Դու մենակ ես։
Դու մենակ ես։

18.11.18թ.

22.03.2018

Չգրված բանաստեղծություններ

Նրանք, ինչպես վայրի թռչուններ,
հայտնվում են հորիզոնի հետևից
հորիզոնի հակառակ կողմում անհետանալու համար։
Նրանք հայտնվում են շատ անպատեհ՝
երբեմն հանրօգուտ, բայց միշտ անիմաստ
աշխուժակության,
շարժունակության,
շարժունայնության
մարդաշատ ու աղմկոտ ժամերին,
որոնցում անհնար է գտնել մենակության վայրկյան։
Շատ անհարմար պահերի են հայտնվում նրանք՝
երբ հնարավոր չէ ընթացիկը թողնել կիսատ,
երբ հնարավոր չէ դուրս պրծնել շրջապտույտից,
որի մեջ ներքաշում է քեզ աշխարհը սև խոռոչ։
Այդպիսի պահերին երբեք մոտակայքում
չի գտնվում գրիչ,
համակարգիչ,
թուղթ
ու ընդհանրապես որևէ կրիչ։
Բայց նրանք՝ այդ չգրված,
չէ, դեռ չգրվելիք բանաստեղծությունները,
այնքան գեղեցիկ են, ավարտուն ու կատարյալ
իսկ երբեմն էլ այնպես ցնցող,
որ թվում է՝ գրառման կարիք չունեն,
անհնար է դրանք մոռանալ։
Բայց  նրանք երամով են թռչում
և թռչում են անընդհատ՝
մեկը մեկից ընտիր,
մեկը մեկին մատնող հավերժ մոռացության։
 - Դրանք իմ բանաստեղծությունները չեն,-
սփոփում  եմ ինքս ինձ,
ես երբեք  չեմ գրի դրանք,
ուստի ես չեմ դրանց հեղինակը,
այլ միայն տեսա նրանց թռիչքի պահին,
երբ գուցե ուղևորվում էին ինչ-որ մեկի մոտ,
տեսնես ո՞վ   դրանք կգրառի,
տեսնես կա՞ ինչ-որ մեկը հորիզոնից այնկողմ։
Միտքը, որ գուցե նորից հանդիպեմ նրանց՝
բանտված ուրիշ բանաստեղծի գրքում,
ինձ համակում է մեկ ուրախությամբ,
մեկ անտանելի խանդով ու կսկիծով։
Բացառվում է, որ ուրիշ մեկը գրառի դրանք,
դրանք իմ երկնքի թռչուններն են՝
ծնված իմ գլխի վերևով ճախրելու համար՝
ազատ, անգիր ու անհիշատակ։

2016

28.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆ ՋԱՆ

        դու ինքնաթիռ չես, որ բարձր ճախրում է երկնքում
և երբեմն խոցված սրտով գահավիժում ցած,
ոչ էլ գնացք, որ սողում է գետնի վրայով և
մխրճվում  անտառների ու անապատների սիրտը։
ամռանը զով, ձմռանը տաք մետրո չես,
ուր մարդ կարող է գիրք կարդալ ու համբուրվել,
ընտանիք կազմել  ու տնավորվել,
և   ավտովթարը չի սպառնա նրա երջանկությանը.
սա ահաբակչական միջոցառումների անցկացման վայր է։
մարդատար ավտոմեքենա չես,
ոչ էլ մեքենա, որ բեռներ է տեղափոխում,
ոչ էլ տրոլեյբուս, որ տեղափոխում է ծեր մարդկանց։
տրամվայ էլ չես, որ  հետևողականորեն
երկրաշարժի է ենթարկում շրջակա շենք»րը։
առավել ևս ավտոբուս  չես, որտեղ ընդունված է
տեղ զիջել սպիտակ մազերով մարդկանց,
որտեղ կարելի է կանգնել հասակով մեկ,
և կտրուկ կանգառների ժամանակ
պատահաբար դիպչել միմյանց։
դու մարշրուտկա ես, ուր միշտ նեղվածք է ու հրմշտոց,
ուր մարդիկ լցված են միմյանց գլխին
և սրտի թրթիռով միմյանց ոտքերն »ն տրորում։
մարշրուտկա, որ կանգնում է ամեն քայլափոխի
և ամեն անգամ հոգևարքի ձայներ արձակում,
որ միշտ աշխատում է վերջին շնչում՝
անմոռանալի պահեր պարգևելով
սուր զգացողությունների սիրահարներին
և անվնաս հասցն»լով նրանց ճիշտ տան դռան մոտ։
- դե լավ, ներող կըլնեք, ես ոնց որ հասա.
ՍՏԵՂ ՊԱՀԻ, ՎԱՐՊԵՏ։
ՍՏԱՑԻ,  ՄԵԿԸ ՀԵՏՈ ԿԻՋՆԻ։
ԿԻՋՆԵՍ, ՊԱԿԱ։

2006թ, ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ գրքից

14.01.2018

Հովհաննես Գրիգորյանի ժամանակը





Իմ ու Հովհաննես Գրիգորյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 90  թվին, աշնանային մի օր, Ստեփանավանի զբոսայգում, երբ յոթերորդ դասարանի աշակերտ էի։ Դասից փախել էի, ազատության շունչը վայելելու համար մի թերթ էի առել կրպակից ու նստել էի այգում։ «Անդրադարձ» թերթն էր, պատահական էի ընտրել։ Մենք, ինչպես և շատ ընտանիքներ, «Գարուն» ստանում էինք, բայց ես չէի կարդում, որովհետև մեր տանը «Գարուն»-ի ու «Գրական թերթ»-ի պաշտամունք կար, ու այդ պարբերականների մերժումը մտնում էր իմ պատանեկան ըմբոստության ծիսակարգի մեջ։ Էսօրվա պես հիշում եմ՝ ամպամած էր, ու շատ թեթև անձրև էր մաղում։  Այգում մարդ չկար, միայն ինչ-որ անցորդներ էին հեռվում։ Նստել ու բացել էի «Անդրադարձ»-ը, մեջը՝ Հովհաննես Գրիգորյանից մի քանի բանաստեղծություն։ Անձրևը կաթում էր թերթի էջերին։ Կարդում էի, ու իմ մանկության զբոսայգին աչքիս առաջ փոխվում էր։  
Հետո գնացի տուն, հարցրի մերոնց, որ «Գարուն» ու «Գրական թերթ» էին կարդում ու բազմաթիվ ժամանակակից պոետների ոչ միայն անունները, այլև բանաստեղծություններն անգիր գիտեին։ Հովհաննես Գրիգորյանին չէին ճանաչում։ Դա շատ տարօրինակ էր, ու միայն 96 թվին, երբ ընդունվում էի թատերական, ու ապագա դասախոսս ասաց՝ ինչու ես Հովհաննես Գրիգորյան ընտրել ասմունքելու համար, չէ՞ որ ավելի լավ բանաստեղծներ կան՝ Հրաչ Սարուխան, Արմեն Մարտիրոսյան և այլն, նոր  հասկացա, որ Հովհաննես Գրիգորյանի ժամանակը դեռ չի եկել, նոր է գալու։

14.08.2017

Վազգեն Գաբրիելյան / «Պարանոյա».ինչո՞ւ, հանուն ինչի՞






Հատված Վազգեն Գաբրիելյանի ««Պարանոյա». ինչո՞ւ, հանուն ինչի՞» հոդվածի /«Գրական թերթ», 15-31 հոկտեմբեր, 2000/, որով բանավեճ սկսվեց «Գրական թերթ»-ում։






....Գրողի ազատությունը կարեւոր ու անհրաժեշտ պայման է ճշմարիտ ստեղծագործության ծնունդի համար, սակայն ազատություն չի նշանակում՝ ինչ մտածում եմ, կարող եմ ասել։ Գրողը պարտավոր է միշտ աչքի առաջ ունենալ իր ընթերցողին, մշտապես պահել չափի զգացումը, հաշվի առնել նաեւ իր ժողովրդի առանձնահատկություններն ու շահերը, փոքր ազգի բարոյական չափանիշները։ Չի կարելի, ասենք, մատնացույց անել ֆրանսիացիներին կամ հոլանդացիներին, թե տեսեք՝ նրանք ինչ են անում ու գրում, թե հայ գրողը ինչո՞ւ պիտի հետ մնա նրանցից եւ պատկերների ու բառերի ազատ ընտրության մեջ, ինչպես ասում են՝ «տալ ու անցնել»։ Չի կարելի ժողովրդավարության ու «մարդու ազատության» անունից պաշտպանել սեռական շեղում ունեցողներին քաղաքացիություն տալու հորդոր-պարտադրանքներն ու համակերպումը։ Չի կարելի «խղճի ազատության» անունից պաշտպանել զանազան աղանդավորներին, որոնք կաշառված՝ տներն են խցկվում ու «մարդ որսում», եւ կոչ անել՝ ով ինչ աղանդ ուզում է՝ թող դավանի։ Եթե նույնիսկ դժգոհ ես քո եկեղեցու գործունեությունից։

26.07.2017

Արփի Ոսկանյանի գիրքը ոչ թե վաճառվեց, այլ խաղարկվեց. (Ֆոտոշարք)

 Փետրվարի 6-ին Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում կայացավ Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: «Անտարես» հրատարակչության հրատարակած ժողովածուում տեղ գտած պատմվածքները ընդգրկում են 20 տարվա ժամանակահատվածը` ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը պատանեկությունից մինչեւ միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները: «Չի վաճառվում»-ը Արփի Ոսկանյանի չորրորդ գիրքն է: Շնորհանդեսի ժամանակ գիրքը  ոչ թե վաճառվեց, այլ խաղարկվեց: Միջոցառմանը ներկա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց, որ մշակույթը, հատկապես գրականությունը ստեղծում է այն կաղապարը, որի շուրջ ձեւավորվում են հանրությունն ու պետությունը: «Ճիշտն ասած, 2016 թ. ինքս ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրականության ընթերցման տարի, եւ ցավոք, տարվա միայն մի մասը կարողացա հատկացնել դրան, բայց այն ինչ հասցրի կարդալ, հասկացա, որ ամենակարեւոր գործը, որ արվում է Հայաստանում, հենց այս տեքստերի ստեղծումն է, այդ տեքստերի մեջ կա բովանդակություն, լուծումներ, պարզապես պետք է ուշադիր ընթերցել դրանք: Ինչ վերաբերում է Արփի Ոսկանյանին, նշեմ, որ մեր համագործակցությունը` որպես ընթերցող եւ խմբագիր, շատ երկար տարիների պատմություն ունի: Ես ուրախ եմ արձանագրել, որ  Արփի Ոսկանյանի գրածները «Հայկական ժամանակ» թերթում» տպագրելը մի արդյունքի հանգեցրել են, եւ թերթի հեղինակությունը դրանից աճել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Կարդացեք նաև «Իրանը պայքարում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ՀՀ իշխանության դեմ»․ Լարիսա Ալավերդյան 3 ամիս է՝ չեն կարողանում պարզել՝ ով էր քննչական կոմիտեի նախագահին անանուն նամակ ուղարկողը «Բռնաբարվելը որպես հաճույք ներկայացնելը ե՛ւ ուղեղի հետ կապված խնդիր է, ե՛ւ արժեքների, բռնաբարում են, ասում եք՝ նորմալ է, թուլացեք, հաճույք ստացեք». Շարմազանով «Գրողուցավ» կայքի խմբագիր, գրող Համբարձում Համբարձումյանը կնոջ` Արփիի մասին խոսելիս կես կատակ-կես լուրջ ասաց. «Արփիի արձակը շատ հավանում եմ, ինքը միշտ հաղթում է բոլոր մրցույթներում, որոնց ես էլ եմ մասնակցում ու ես նախանձում եմ»: «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ Արփիի մասին պատմական բաներ կարող է պատմել Հուսիկ Արան: Վերջինս հիշեց 1996-ին Արփիի ու իր հանդիպումը, երբ ինքը «Գարուն» ամսագրի գրականության բաժնի խմբագիրն էր: Ասում է` Արփիի բանաստեղծությունները չմերժեց, բայց դրանք ինչ-ինչ պատճառներով չտպագրվեցին: Այնուհետեւ 2000-ին հանդիպեցին «Առագաստ» սրճարանում, ապա լուսահոգի Վարուժան Այվազյանի մոտ: «Երբ Արփին տպագրվեց «Գարունում», միանգամից մեծ աղմուկ առաջացավ, տարբեր կարծիքներ, բայց մի բան հստակ էր` ասպարեզ է մուտք գործել տաղանդավոր անձնավորություն»,- շեշտում է Հուսիկ Արան: Ի դեպ, նա Արփի Ոսկանյանի ստեղծագործություններից մեկի հերոսն է դարձել: «Պատմվածքները կուտակվել էին, վերջապես ազատվեցի իրենցից: Հիմա էլ իմը չեն»,-իր գրքի մասին ասաց հեղինակը: Արփին նաեւ հավելեց, թե հատուկ խոսք չի պատրաստել շնորհանդեսի առիթով, իրեն թվում էր, թե քննադատություններ կլսի իր մասին, բայց բոլորը միայն լավ բաներ ասացին:  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ









Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/02/06/853053/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

25.07.2017

 «Չի վաճառվում»․ այսպես է կոչվում Արփի Ոսկանյանի գիրքը, որը շնորհանդեսի ժամանակ ոչ թե վաճառվեց, այլ խաղարկվեց։ Գրքում տեղ գտած պատմվածքներն ընդգրկում են 20 տարվա ժամանակահատված՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհն ու այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երեւակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։ Սա հեղինակի 4-րդ գիրքն է, բայց պատմվածքների 1-ին ժողովածուն. «Պատմվածքները կուտակվել էին, վերջապես ազատվեցի իրենցից: Հիմա էլ իմը չեն»,-ասաց հեղինակը։   



«Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն իր խոսքում կանգ առավ գրքի վերնագրի վրա՝ «Չի վաճառվում», այն բաժանելով 2 մասի՝ Արփի Ոսկանյանն իբրեւ քաղաքացի, անհատականություն եւ Արփի Ոսկանյանի գիրը, տեքստը։ «Նրանք, ովքեր շփվել են Արփիի հետ, գիտեն, որ նա մեր գրական դաշտի, քաղաքի ամենաչվաճառված քաղաքացիներից մեկն է եւ երբեք չի դավաճանել իր սկզբունքներին։ Արփիի գրականությունը մեր անկախության շրջանի այն քիչ տեքստերից է, որ երբեք ոչ մի տողով չի վաճառվում»,-նշեց գրականագետն ու նկատեց, որ սա ոչ միայն հեղինակի 20 տարվա ստեղծագործություններն ամփոփող գիրք է, այլեւ այն բացառիկ գրքերից, որ կարող է պատկերացում տալ մեր պետականության 25 տարիների սոցիալական, քաղաքական, հասարակական կյանքի մասին ու ոչ թե հրապարակախոսական լեզվով, այլ գեղարվեստական ընդհանրացումներով։

Շնորհանդեսին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում բնորոշմամբ՝ մշակույթը, հատկապես գրականությունը, ստեղծում է այն կաղապարը, որի շուրջ ձեւավորվում են հանրությունն ու պետությունը. «Ճիշտն ասած՝ 2016 թ. ինքս ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրականության ընթերցման տարի եւ, ցավոք, տարվա միայն մի մասը կարողացա հատկացնել դրան, բայց այն, ինչ հասցրի կարդալ, հասկացա, որ ամենակարեւոր գործը, որ արվում է Հայաստանում, հենց այս տեքստերի ստեղծումն է, որովհետեւ այդ տեքստերի մեջ կա բովանդակություն, եւ համոզված եմ՝ կան նաեւ լուծումներ, պարզապես պետք է ուշադիր ընթերցել եւ վերլուծել այդ տեքստերը: Ինչ վերաբերում է Արփի Ոսկանյանին, նշեմ, որ մեր համագործակցությունը` որպես ընթերցող եւ խմբագիր, շատ երկար տարիների պատմություն ունի: Ես ուրախ եմ արձանագրել, որ Արփի Ոսկանյանի գրածները «Հայկական ժամանակ» թերթում տպագրելը, պարտադիր, մի արդյունքի հանգեցրել են, եւ թերթի հեղինակությունը դրանից աճել է»։

Բանաստեղծ Հուսիկ Արան էլ հիշեց, որ Արփի Ոսկանյանի արձակ բանաստեղծություններին ծանոթացել է դեռ 1996-ին, երբ ինքը «Գարուն» ամսագրի գրականության բաժնի խմբագիրն էր, դրանք թեեւ 4 տարի անց տպագրվեցին «Գարունում», բայց միանգամից մեծ աղմուկ առաջացրին, եղան թե լավ, թե վատ կարծիքներ, բայց մի բան հստակ էր` ասպարեզ է մուտք գործել տաղանդավոր անհատականություն. «Արփին ինչ էլ որ գրի՝ քաղաքական հանելուկ, հոդված, պատմվածք, թե բանաստեղծություն, միեւնույն է՝ նրա ձեռագիրն ու սուր ընկալումը կա»։

Գրքի խմբագիրն է գրող Համբարձում Համբարձումյանը՝ Արփի Ոսկանյանի ամուսինը, եւ, ինչպես նշեց Արքմենիկ Նիկողոսյանը, բոլոր պատմվածքները, մինչեւ գրքում ընդգրկվելը, ստացել են Համբարձում Համբարձումյանի հավանությունը, ով իր խոսքում ավելի քան կարճ էր՝ իրեն հատուկ հումորով. «Ես Արփիի արձակը հավանում եմ։ Ինչ-որ մեկը պետք է գրվեր խմբագիր, ամենամոտ մարդը ես էի՝ ինձ գրեցին»։ 

Սոնա Ադամյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/591f933ce3d84d0d37fc2b3b


 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

16.07.2017

Հանդիպումներ «Ջազվե»-ում։ Լարս ֆոն Թրիերը



Աննան այս կյանքում երկու սեր ուներ՝ կինոն և ռեժիսոր Վռամ Երանյանը։ Կինոն սիրում էր մասնագիտության բերումով, իսկ Վռամ Երանյանին՝ բախտի բերմամբ։ Ճիշտ է, երբեմն թվում էր նրան, որ ոչ թե բախտի բերմամբ, այլ ճակատագրի թելադրանքով է սիրում, սակայն դա միայն երբեմն, հիմնականում Աննան երջանիկ էր և չէր պատկերացնում իր կյանքն առանց Վռամի ու կինոյի։
Նրանք ծանոթացել էին ՆՓԱԿ-ում կազմակերպվող կինոդիտումներին։ Այն ժամանակ Վռամը ռեժիսորական առաջին փորձերն էր անում, իսկ Աննան դեռ կիոնգիտություն էր սովորում Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Սկզբում պարզապես հանդիպում էին ՆՓԱԿ-ում, հետո սկսեցին քննարկել ֆիլմերը, որ դիտում էին, մի օր էլ Վռամն ասաց. «Վաղը «Ոսկե ծիրանի» բացումն է, կգա՞ս՝ իրար հետ գնանք»։

11.07.2017

Ծնողների հետ բարդ հարաբերությունների մասին


Ծնողներս միշտ ընդդիմանում ու հանդիմանում էին ինձ.
սկզբում պետական դրոշը շարֆի տեղ կապելու
և կարմիր շրթներկ քսելու առիթով,
ապա՝ հագուկապիս չհետեւելու, չշպարվելու
և ինձ կանացի տեսքի չբերելու համար։
Նրանք դեմ էին, որ լինեմ ապրանք
կամ դառնամ տնային տնտեսուհի,
բայց դեմ էին նաև, որ սովորեմ ֆիզմաթ դպրոցում
ու դառնամ աստղաֆիզիկոս,
ապա դեմ էին, որ ընդունվեմ թատերական ինստիտուտ
և դառնամ ռեժիսոր,
նրանք դեմ էին, որ ես շատ մեծ նվաճումներ ունենամ
և համաձայն չէին, որ դրանք լինեն փոքր։
Նրանք դեմ եղան, որ ամուսնանամ 17-ում,
իսկ 18-ս լրանալուն պես՝
կյանքս էին ուտում, որ չեմ ամուսնանում։
Նրանց երբեք դուր չէր գալիս իմ այդ պահի ընկերուհին
և հանգամանքը, որ ընկերներս մեծ մասամբ տղաներ են,
կասկածելի էր թվում նրանց,
իսկ եթե աղջիկներն ընկերներիս մեջ ավելի շատ էին լինում,
դա նրանց կասկածելի էր թվում նույնիսկ էլ ավելի։
Նրանց երբեք դուր չէին գալիս տղամարդիկ,
որ դուր էին գալիս ինձ։
Նրանց դուր չէր գալիս, որ մեծամիտ եմ,
ապա դուր չէր գալիս, որ համեստ եմ պահում ինձ։
Նրանց դուր չէին գալիս իմ երկար փեշը և կարճ տաբատը։
Նրանք ընդդիմանում էին իմ բոլոր ցանկություններին,
և ամենեւին կարևոր չէր, թե ես ինչ եմ ցանկանում,
ինչ էլ դա լիներ, նրանք դիմադրելու էին,
ասես ես էի նրանց ծնողը,
իսկ նրանք՝ անցումային տարիքում մնացած
իմ պատանի երեխաները։

2016