09.04.2015

ՄԱԶԵՐ ԵՐԱԿՆԵՐ


քայլում եմ ծաղկած ծառերի կողքով
ձմռան ընթացքում քաշ եմ հավաքել
մազերս ավելի են երկարել
դժվար է գլուխը պահել բարձր
վզի վրա պահել

քայլում եմ ու հետևիցս մազերի գետ է հոսում
ծառերից ծաղիկներ են թափվում մազերիս մեջ
ծխախոտի մնացորդներ պատշգամբներից
մազերս հեղեղել են փողոցները
դժվար է շնչելը

ծաղկած ծառերի հոտից ցավում են թոքերս
կոկոն աղջիկների տեսքից ցավում է սիրտս
ձմռան ընթացքում երեսուն տարեկան եմ դարձել
ու էլի չգիտեմ
մազերս կտրեմ թե երակներս

ծաղկած ծառերը բուրում են կոկոն աղջիկների պես
անտանելի է նրանց կողքով քայլելը
մազերս կիևյան կամրջից կախել
նայում եմ ոնց է խառնվում գետին
ինձնից գահավիժող մազվեժը

քամին ալեկոծում է մազերս
ծածանում փռում երկնքով մեկ
քամին մազերիցս փոթորիկ է սարքել
պինդ բռնվել եմ բազրիքից
դժվար է չթռչելը

2008

«Անտերուդուս» գրքից

08.04.2015

ՀՈԳԵԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ



Անթրաշ, անլվա, անխնամ,
Երբևէ  չսիրված մարմնով
մարմինների արանքը խցկվող
համատեղ երթի, դոփյունի,
միասնական ուժի մեջ
վախը խեղդելու համար,
հացադուլներից ու
հոգևոր սննդի չարաշահումից
շարքից դուրս եկած
աղեստամոքսային տրակտով,
անատամ, փրփրած բերանով
աղաղակող, գայթող, ցնցվող,
գենետիկ հիշողության կորստով,
մտավոր թերզարգացմամբ,
դաշտանային ցիկլի խանգարումներով,
հիրսուտիզմով և հերսոտությամբ,
հիվանդության կնիքը՝ վերջույթներին
և խելագար հայացքի մեջ,
որտեղ շառաչ է և ցասում,
անփարատելի վախ,
փշրվող ատամների կրճտոց։

2004

«Անտերուդուս» գրքից

06.04.2015

ՄԻԵՎՆՈւՅՆ ՄԱՐԴՈւՆ



Մարմինս ընդունում է հասուն ձևեր, մինչդեռ
ուղեղս նկատելիորեն հետ է մնում իր զարգացմամբ,
գործով զբաղվելու փոխարեն սիրահարվում եմ՝
շաբաթը մեկ, միևնույն մարդուն,
և պահում եմ ինձ տհասի նման։

04.04.2015

ՎՀՈւԿՆԵՐԻ ՈՐՍ



աղքատ և վհատ և չափավոր թախծոտ
ինչպես հնարավոր էր միայն նախանցյալ դարում
ողջ գիշեր նստել մահճակալի եզրին
նայել պատուհանից դուրս
մտածել բացվող օրվա մասին
չիմանալ գլխիդ գալիքը

23.03.2015

Կիկոս սեր



Սերս՝ հղացված մանկապարտեզի ճանապարհին
Միանգամայն շահադիտական նպատակներով՝
Որ գիրկս բարձրացած երեխաս տանելի լինի,
Որ նրա նվնվոցը թվա ձայնակցություն
Ծիտիկների վաղորդյան ծլվլոցին,
Որ հրվեմ ոտնաթաթով և քայլեմ
Մի քանի սանտիմետր բարձր անվերջ ցեխից,
Ու կոշիկներս մաքուր մնան,
Այդ կիկոս սերս աննկատ վիժվել է,
Ու գուցե լավն էլ դա էր. եթե ծնվեր, հաստատ
Բարձրանալու էր ծառին ու ընկնելու էր քարին։
Անհարմար է այսպես և մի քիչ էլ տխուր,
Բայց տխրությունն ավելի լավ է,
Քան ողբը, կականը ու քելեխը։ 

23.03.15

27.02.2015

Սոճին

- Հիմար կենդանի,
ծախու պոռնիկ,
լաչառ լիրբ,
անբարոյականության գագաթ,
հանգած հրաբուխ,
քեզ մեծ քաքի տեղ դրած մկան կտիտ,
տապակվիր սեփական թարախի մեջ,
որ էդքան առատորեն բլթացրել ես
շուրջբոլորդ...

26.02.2015

Օրերը սկսվում ու ավարտվում են


Ներիր, իմ արքայազն,
Որ էդ լակոտից հետո լենքիս տվեցի
Ու նման չեմ էն աղջկան,
Որին սիրում էինք ես և դու։
Ներիր, որ ֆենած չեն մազերս,
Ու աչքերիս մեջ հանգած ատրուշանը
Մխում է ծուխ անելով…

Սիրում եմ



Պահը, երբ կանգնած ես անդունդի եզրին,
Ու ինչ-որ մեկը ներսիցդ ասում է՝ ճախրիր,
Եվ մի ուրիշն էլ բղավում է՝ կընկնես,
Երբ քեզ մի քայլ է բաժանում
Թռիչքից, անկումից և ընկրկումից,
Ու երեքն էլ նույնքան հավանական են,
Ու երեքն էլ՝ կանխավ լի ափսոսանքով։

Պահը, երբ մարմինները մոտենում են,
Բայց աչքերը դեռ չեն փակվել,
Շուրթերը չեն միահյուսվել,
Երբ բիբերի մեջ տեսնում ես քեզ
Եվ գլխի թեթև շարժում է բաժանում
Մեկնումից և հետդարձից,
Ու երկուսն էլ լի են տխրությամբ։

Պահը, երբ նստած ես սպիտակ թղթի առաջ,
Ու սիրտդ բաբախում է այնքան ուժգին,
Որ բոլոր ձայները խլանում են։

25.02.2015