Ավստրիացի կամ ավելի ճիշտ` ավստրիական գրող Ֆրանց Կաֆկայի հերոսը մի առավոտ արթնանում է և տեսնում, որ վերածվել է միջատի։ Մենք միջատի չկերպարանափոխվեցինք, բայց երևի ավելի լավ լիներ կերպարանափոխվեինք, ցեղակիցների հետ շփվելը գոնե հեշտ կլիներ։
06.05.2011
04.05.2011
Post 11. Որ մարդը անասուն չի լինում, անասունն էլ ա մարդավարի ապրում
- Մաքսը՝ մեր տնօրենը, հիվանդ է և չի կարող ընդունել ձեզ։ Հենց սկսի աշխատանքի գալ, ես ձեզ տեղյակ կպահեմ,- բառերը հատ-հատ արտասանելով՝ ասաց Լուիսը ու ծիծաղեց,- վայելեք ևս մի քանի ազատ օր, վայելեք հրաշալի եղանակը, վայելեք ձեր մեղրամիսը։
Երրորդ օրն էր, ինչ Գրացում էինք, բայց արդեն տնից դուրս գալու հավես չունեինք։ Ուզում էինք գիրք կարդալ, քնել, գրել։ Վատն էն էր, որ թեպետ երկու կոմպ ունեինք, ինտերնետը էլի մեկն էր, ու ինտերնետի համար էլի կռիվ էր։ Արդեն հասցրել էինք լուսանկարել քաղաքն ու նկարները գցել «Ֆեյսբուք»։ Համակարգչի մոտ նստած՝ նկարներն էինք դիտում։
- Հիմար ա,- ասաց Համբոն ինձ՝ չգիտես ինչի երրորդ դեմքով դիմելով,- քաղաքը թողած՝ քաղաքի նկարներն ա նայում։
Post 10. Թուրքի խանութ
Հորեղբորս հորդորով գնացինք ավստրիական խոզապուխտ գնելու։ Ավստրիայում ապրած ընկերուհիս զգուշացրել էր, որ կիրակի օրը խանութները փակ են, բայց մենք բոլորովին մտահան էինք արել նրա զգուշացումն ու կրակի օրը կանգնեցինք փաստի առաջ։ Սառնարանը դատարկ էր, մենք՝ սոված, խանութները՝ փակ։ Լավ էր՝ նույն ընկերուհիս տեղյակ էր պահել, որ կիրակի օը միայն «թուրքի խանութն» է բաց լինում, և մենք, գործի գցելով մեր ֆայմի գործակիցը, ճանապարհ ընկանք Մուրի մյուս ափ՝ էմիգրանտների թաղամասը։ Այստեղ պատկերը նույնն էր, ինչ Վիեննայի օդանավակայանում. Տարբեր գույնի, տարբեր ազգությունների մարդիկ՝ հաճախ իրենց ազգային տարազներով։ Ամեն անկյունում շաուրմայանոցներ ու քյաբաբնոցներ, որտեղից ծանոթ բուրմունքներ են տարածվում։ Եվ աղմուկ։ Աղմկոտ ժողովուրդ են էմիգանտները։ Էդ էն դեպքում, որ ստիպված են սուսուփուս ապրել։ Միգուցե սուսուփուս ապրելու պարտադրանքից են այդպես աղմկոտ։
03.05.2011
Post 9. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը
- Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը,- հարցրեց Հերբերտը հեռախոսով։
- Շատ,- ասի,- բայց մեր անգլերենն է տգեղ։
- Բան չկա,- ծիծաղեց,- կգամ, կթարգմանեմ։ Եթե վաղը չէ, մյուս օրն այնպայման կգամ։
Լուիսն զգուշացրել էր. «Քաղաքում մոլորվելու դեպքում ասում եք՝ Շլոսբերգ։ Շլոս նշանակում է բանալի, բերգ՝ սար»։ Դա սարի ու ամրոցի անունն էր, որտեղ գտնվում էր մեր տունը։ Նաև ավելացրել էր՝ վայելեք մեղարամիսը մինչև երկուշաբթի։ Երկուշաբթի ներկայանալու էինք գրասենյակ՝ տնօրենի հետ ծանոթանալու։ Երկու ազատ օր ունեինք ու դուրս եկանք թափառելու։
29.04.2011
Post 8. Երկրներն իրենց մայրաքաղաքներով են տարբեր
Գրացի օդանավակայանում Լուիսը սպասում էր վարորդի՝ Անդրեայի հետ։ Մեզ տեսնելուն պես Լուիսի դեմքին մեղավորության զգացում հայտնվեց։ Մի քանի անգամ նամակով զգուշացրել էր, որ Գրացում շատ ցուրտ է։ Ու չնայած մենք նայել էին «Գուգլ»-ում Գրացի ջերմաստիճանն, ու այն երևանյան ջերմաստիճանից հաստատ բարձ էր, Լուիսի հորդորով այնքան տաք էինք հագնվել, որ նույնիսկ Երևանում էինք շոգում։
- Երևանում ձյուն լինո՞ւմ է,- հարցրեց Լուիսը։
- Սովորաբար հա, բայց էս տարի դեռ չի եղել։
- Մեզ մոտ էլ է սովորաբար լինում,- ասաց մեղավոր։
Պատկերացրել էր երևի, որ մենք անապատից ենք գալիս։ Եվրոպացու համար աղքատ եկիրը պիտի շոգ լինի։ Ինչքան հարավ, ինչքան շոգ, էնքան՝ աղքատ ու հետամնաց։
Միտինգ էր, հոգվույս կիրակի
«Մեղրամիս» սերիալի սիրելի երկրպագուներ, տոն և սուգ օրերին սովորաբար դադարեցվում է ամենօրյա հաղորդումների հեռարձակումը, և եթեր են գնում հատուկ հաղորդումներ։ Ու քանի որ այսօր միտինգ էր, իսկ ես չէի կարող հետ պահել ձեզ ձեր քաղաքացիական պարտքը կատարելուց, ուստի այսօրվա սերիան ինքնաբուխ կերպով հետաձգվեց։
Հայցում եմ նրանց ներողամտությունը, ում համար օրը տոն չէր։ Եվ հույս ունեմ, որ առաջիկայում... Հույսեր ունեմ՝ կարճ ասած։
Հայցում եմ նրանց ներողամտությունը, ում համար օրը տոն չէր։ Եվ հույս ունեմ, որ առաջիկայում... Հույսեր ունեմ՝ կարճ ասած։
27.04.2011
Post 7. Հարսանեկան ճամփորդություն
- Ավստրիայի ու ավստրիացիների անունից թույլ տվեք ներողություն խնդրել ձեզ այդ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ներքաշելու համար,- ասաց Հերբերտը՝ առանց նույնիսկ իմանալու դեսպանատուն կատարած մեր այցերի և դեսպանատան աշխատակիցների հետ ունեցած զրույցների մասին,- տարիներ առաջ, երբ մեզ մոտ իշխանության էր եկել նացիստական կուսակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այն ժամանակ Հայաստանի նախագահն էր, կատակով ասաց ինձ. «Ցանկացած պահի կարող ես դիմել և Հայաստանում քեզ քաղաքական ապաստան կտանք»։
Մենք քաղաքական ապաստան չէինք խնդրում, գնում էինք իրենց հրավերով, ու նրանք, ովքեր հետևում են այս պատմությանը սկզբից, գիտեին, որ մեզ չեն մերժելու։ Նախադասությունը, որով ավարտել էի նախորդ սերիան, սերիալներում օգտագործվող ու բավականին ծեծված հնարք էր, որով ուզում էի հետաքրքրված պահել ընթերցողին դեսպանատան այս ձանձրալի պատմությունից հետո։ Անհավատալի էր, բայց փաստ՝ մենք այլևս դեսպանատուն չէինք գնալու։
26.04.2011
Post 6. Ինքնաբուխ հանրահավաք Դղյակի դարպասի մոտ
Պատկերացնում եմ՝ ինչ աստիճանի եք հոգնել դեսպանատան մասին իմ այս պատմությունից, բայց հավատացնում եմ ձեզ՝ սերիալի ժանրի թելադրանքով չէ, որ այսքան երկարացնում եմ։ Նախապես որոշել էի դեսպանատուն կատարած մեր երեք այցելությունները պատկերել մի սերիայում, բայց գործնականում դա անհնար եղավ։ Ու հիմա պատկերացրեք, թե ինչքան էինք հոգնել մենք այս անվեջանալի հարցուպատասխանից։ Ես չէի պատկերացնում, որ այն մի օր ավարտվելու է և, ինչն է զարմանալի՝ թեպետ տեսականորեն գիտեի արդեն, որ մեր երրորդ այցը վերջինն է լինելու, բայց չէի պատկերացնում մեր կյանքն առանց դեսպանատան աշխատակիցների, անհեթեթությամբ անգերազանցելի հարցերի, նվաստացման։ Եվրոպա կատարելիք այցը ինձ ամենևին չէր հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում էր բացառապես դեսպանատուն կատարելիք այցը, քանի որ այդպես ես լիուլի ճանաչում էի և Եվրոպան, և Եվրոպայից շատ ավելի կարևոր մի բան՝ հսկման ու պատժի անփոփոխ էությունը, որ թեպետ ըստ եվրոպական մտքի` վերջին հարյուրամյակներում ենթարկվել էր էական փոփոխության, սակայն այդ փոփոխությունն ըստ ամենայնի անդրադառնում էր միայն եվրոպացիների վրա։
25.04.2011
Post 5. Այց երկրորդ
Դեսպանատան շեմին երեք ժամ անցկացնելուց հետո մենք, ինչպես և կարելի էր սպասել, հիվանդացանք և, ի վիճակի չլինելով վեր կենալ անկողնուց, էլ ուր մնաց՝ տնից, պահանջվող փաստաթղթերի պատճենումն ու հարցաթերթիկի լրացումը թողեցինք վերջին օրվան։ Այնպես որ, նոտարական թարգմանիչը չէր սխալվել իր հաշվարկի մեջ։ Բայց մենք էլի նրան չդիմեցինք, թեպետ հարցաթերթիկները պիտի լրացվեին անպայման գերմաներեն։ Ի դեպ, անգլերենի հանդեպ ցուցադական անհանդուրժողականությամբ հայտնի Ֆրանսիան նման պահանջ չի դնում և թույլ է տալիս, որ հարցաթերթիկները լրացվեն անգլերեն։ Հարցաթերթիկը լրացել օգնեց մեզ մեր Ռուզան Մարտունին։
22.04.2011
Post 4. Ազատությո՜ւն՝ գոչեցի...
Որպեսզի չստացվի, թե ես Լուիսին իմ նամակով շշեցի, ու նա չգտավ ինչ պատասխանել, մեջբերեմ նրա պատասխանը.
«Սիրելի Արփի,
Ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը, սակայն ես չեմ այդպես մտածում, այլ «Նրանք»
Հարգանքներով՝ Լուիս»։
Ես հիշեցի մեր նոտարներին, կադաստրի աշխատողներին, պետական չինովնիկներին և ասի՝ դե, հա, ի՞նչ անի խեղճ Լուիսը, բյուրոկրատները մի առանձին ազգ են, որ իշխում են մարդկության վրա։ Իրենց մայրենին էլ ունեն՝ բյուրոկարտեենը, որ ինչ լեզվի տառերով էլ գրված լինի, մարդկանց սարսափահար է անում։ Այդ ժամանակ ինձ թվաց՝ «Նրանք» բյուրոկրատներն են, բայց դեսպանատուն գնալուց հետո մեծատառով գրված ու չակերտավոր բառի դերանվան իմաստը փոխվեց։
21.04.2011
Post 3. Աշխարհի կենտրոնը
Ավստրիական հեռուստաընկերությունը հետաքրքրվել էր անթոլոգիայով ու, ռեպորտաժի առիթը բաց չթողնելով, Հայաստան էր գործուղել իր լրագրողին՝ Հիմոգենային։ Ես չգիտեմ՝ ինչի Հիմոգենան սիրեց մեզ. անթոլոգիայում տպված մեր պատմվածքնե՞րն էին դուր եկել նրան, թե՞ հարցազրույցի ընթացքում արտահայտած մեր մտքերը։ Միգուցե ազդել էր Հ1-ից վարձած նկարահանող խմբի անդամների զայրույթը, որ նրանք չէին կարողացել զսպել մոնտաժի ժամանակ, ու ասել էին, որ երկրի վիճակի մասին խոսելիս մենք խիստ խտացրել ենք գույները։ Այդ մասին ասաց Հիմոգենան հաջորդ օրը Գեղարդի ճանապարհին։ Մինչև ուղնուծուծը ընդդիմադիր Ռուզան Մարգունին թարգմանեց Հիմոգենայի մտահոգությունը. «Հիմա ձեզ էլ ավելի բարդ կլինի աշխատանք ճարելը»։
20.04.2011
ՎԹԱՐ
«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ընթերցողներ, տեխնիկական պատճառներով սերիալը բլոգում կտեղադրվի կեսգիշերից հետո։ Հայցում եմ ձեր ներողամտությունը։
19.04.2011
Post 2. Գրողների աստվածը
Ե՞րբ ենք մենք զգում Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Երբ մեզ հետ կատարվում է մի բան, որին, կարծում ենք, արժանի չենք։ Մեծ մասամբ դրանք դժբախտություններն են, քանի որ մարդկանց մեծամասնությունը հակված է գերագնահատելու իր արժանիքները։ Բայց լինում են նաև երջանիկ պատահարներ, ու մարդը չի կարողանում հասկանալ, թե իր որ սխրանքի համար է այդպես շռայլորեն պարգևատվում։ Իմ կյանքում այդպիսի անաշխատ հաջողություններ շատ-շատ են եղել, և ես միշտ մի տեսակ անհարմար դրության մեջ եմ հայտնվել։ Ոնց որ մի անծանոթ մարդ քեզ թանկ նվեր անի։ Հրաժարվելն էլ սիրուն չի, վերցնելով էլ մի տեսակ պարտքի տակ ես ընկնում։
18.04.2011
Post 1. Ամուսնական կյանքի առավոտը
Առավոտ է։ Ամուսնական կյանքի լուսապայծառ առավոտներից մեկը։ Արևի առաջին ճառագայթների ներքո փայլում է Համբարձումի ճակատը։ Նա դեռ պատված է երազների թանձր մշուշով, որոնք դիտել ես չեմ կարող, ուստի հնարավորինս անձայն վեր եմ կենում անկողնուց, անցնում կողքի սենյակ, միացնում համակարգիչը։ Ժամը 16.01 է։ Կամ 15.23։ Դա կարևոր չի։ Կարևորը՝ դուք հասցրեցիք նկատել, որ վաղուց արդեն առավոտ չէ, բայց ես չեմ արթնացնում ամուսնուս, որպեսզի անարգել թափառեմ սոցիալական կայքերում ու համացանցի անծայրածիր տիրույթներում, իմանամ՝ ինչ են գրում ինձ իմ ընկերնեը, ինչ է կատարվում աշխարհում և այլն։ Նույն կերպ վարվում է իմ սիրելին, որովհետև քանի դեռ մեզնից մեկը քնած է, մյուսն ունի ինտերնետից օգտվելու հնարավորություն։ Ընկերներիցս մեկը մեզ նոթբուք նվիրեց, որպեսզի կաողանանք աշխատել՝ առանց իրար խանգարելու։ Բայց միայն մի նոթբուքն է միացված համացանցին, և այդ համակարգչի համար մեր տանը արյունոտ մարտեր են տեղի ունենում
16.04.2011
«ՄԵՂՐԱՄԻՍ»՝ նոր սերիալ։ Հետևեք իմ բլոգի եթերում։
Երբ օրաթերթի համար գրեցի իմ հարսանիքի պատմությունը, չէի պատկերացնում, որ այն այդքան ընթերցող կունենա։ Քաղաքական նորություններ փնտրող ընթերցողին ի՞նչ պիտի հետաքրքրեր ինչ-որ մի՝ թեկուզև մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքի պես հարսանիքը (տես նախորդ գրառումը)։ Բայց նյութս երկու ամիս դուրս չէր գալիս ամենաընթերցվողների ցուցակից, մինչդեռ քաղաքական ինտրիգները նույն ցուցակում փոխարինում էին մեկը մյուսին։ Այսինքն՝ մեր օջախապաշտ հասարակության մեջ մասնավոր երջանկության թեման հանրային դժբախտության թեմայից պակաս վարկանիշային չէ։ Այդ պատճառով էլ որոշեցի շարունակել այս պատմությունը, չնայած հարսանիքը տրաֆարետայնորեն ֆինալ է և ոչ թե սկիզբ։
15.04.2011
Մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքը
- Դա կարող էր լինել միայն Հայաստանում,- ասում ենք մենք։- Դա կարող էր լինել միայն ձեզ հետ,- ասում են մեր ընկերները՝ համարելով, որ երկու գրողի համատեղ կյանքը պիտի որ առնվազն կինո լինի։
ՊՈՄՊԵԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
Հայաստանում աղջիկներն ուզում են ամուսնանալ, իսկ տղաներն ազատ սեքս են ուզում, եւ հաճախ իրենց ցանկությունների իրականացման ճանապարհին նրանք շահարկում են սերը։ Բայց աղջիկների համար սիրո միակ անառարկելի ապացույցը ամուսնության վկայականն է մնում, իսկ տղաների համար՝ ազատ սեքսի պատրաստակամությունը։ Արդյունքում սերը մնում է անապացույց, ցանկությունները՝ չբավարարված։ Մեր դեպքում ամեն ինչ այլ էր, մենք սիրո մասին ընդհանրապես չէինք խոսում, սիրո ապացույցներ չէինք փնտրում, չորս տարի իրար հետ էինք, մեզ լավ էր իրար հետ, ու երեւի հենց դա է սերը։ Բայց հարաբերությունները հասունանում են, եւ գալիս է մի պահ, երբ դրանք փոփոխվելու անհրաժեշտություն են զգում։ Եթե մենք ամուսնացած լինեինք, կբաժանվեինք, բայց մենք ամուսնացած չէինք, բաժանվել չէինք կարողանում, եւ մեզ մնում էր ամուսնանալ։ԴԻՄՈՒՄ
Ծնողներիս, բարեկամներիս,
ընկերներիս, հարևաններիս,
սիրածներիս, ընթերցողներիս,
քննադատներիս, տառապյալ
ազգիս ու Տեր Աստծուն
ընկերներիս, հարևաններիս,
սիրածներիս, ընթերցողներիս,
քննադատներիս, տառապյալ
ազգիս ու Տեր Աստծուն
անորոշ գործունեությամբ զբաղվող,
հիմնավոր կացարան չունեցող,
ինքնությունը չճշտած անձից
ԴԻՄՈՒՄ
Հանկարծակի վրա հասած դժբախտության պատճառով խնդրում եմ ազատել ինձ խրատաբանությունից, պատվիրաններից, տրտունջներից, պահանջներից, բողոքներից, խանդի տեսարաններից, ազգային գաղափարներից։ Ես էլ չեմ ուզում կաշվիցս դուրս գալ ձեր չափանիշներին համապատասխանելու համար։ Ես էլ չեմ ուզում գլուխկոնծի տալ ձեզ զվարճացնելու համար։ Ես էլ չեմ ուզում տառապել ձեզ երջանկացնելու համար։ Ես հոգնել եմ, ես խելագարվել եմ, ես ընկել եմ մեքենայի տակ, ես ճառագայթահարվել եմ, ես տառապում եմ արյան քաղցկեղով, ես արդեն մեռել եմ, ես պաս...
Կանխավ շնորհակալ եմ։
Դիմող՝ Արփի Ոսկանյան
Ամսաթիվ՝ 01.03.2000 թ.
«Ծիկ» գրքից
14.04.2011
Ճեպագրեր Ավոյի դիմանկարի համար
| Ինքնադիմանկար, 2005 |
Վաղուց եմ ուզում գրել Ավոյի մասին։ Քանի դեռ միայն գրող էի, ուզում էի պատմվածք գրել, ու ոչ մի կերպ չէր ստացվում։ Հիմա, երբ փորձում եմ նաեւ լրագրող դառնալ, որոշեցի, որ կարող եմ ակնարկ գրել։ Ճիշտ է, ակնարկը չի հավակնում անմահության եւ չի կարող իմ ընկերոջ պատկերը հասցնել ապագայի մարդկանց, որովհետեւ թերթում տպագրվածը թիթեռի պես մեկ օր է ապրում, բայց այդ մեկ օրը՝ այս օրը, ամենակարեւորն է՝ եւ ոչ միայն այն պատճառով, որ այսօր գրող մարդը պիտի գրի այսօր ապրող մարդկանց մասին ու համար, այլ նաեւ այն պատճաով, որ այսօր իմ ընկերոջ ծննդյան օրն է։
12.04.2011
05.04.2011
«ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ»-ի շնորհանդեսը Կետիկնոցում
(ԳՐՔԻ ՇԱՊԻԿԻ ՏԵՔՍՏԸ)
Նախաբաններն ու վերաջաբանները լինում են երկու տեսակի՝ նրանք, որ գրում են գրականագետները, հրատարակիչները, կազմողները, թարգմանիչները, այլ «հեղինակավոր» մարդիկ, ովքեր հանդես են գալիս հեղինակի կամ ստեղծագործության ընտրյալ մերձավորի բարձունքից, և նրանք, որ գրում են իրենք՝ հեղինակները։ Երկրորդը չափազանց հետաքրքիր է հոգեվերլուծության տեսանկյունից, քանի որ հեղինակն ինքն է հանդես գալիս իր ընտրյալ մերձավորի դիրքերից, արդեն ոչ թե իբրև հեղինակ, այլ իբրև հեղինակություն։ Նա փորձում է ընթերցողին հանձնել հենց այն դռան բանալին, որով կուզենար, որ մուտք գործեին իր աշխարհ։ Լրացնող, պարզաբանող, շտկող, մեկնաբանող այդ տեքստերի գլխավոր նպատակն է աղավաղել, կոծկել, թաքցնել ճշմարտության առկայծումները, որ թվում են կուրացուցիչ ու վախեցնում, քանի որ ստեղծագործությունը միշտ չէ, որ հասկանալի ու ենթակա է լինում հեղինակին։ Այդ պատճառով նախա(վերջա)բան գրելու ցանկությունը վկայում է ոչ այնքան ստեղծագործության միջոցով ասելիքն արտահայտելու անկարողության մասին, որքան այդպիսի առկայծումների առկայության։
Подписаться на:
Сообщения (Atom)

