03.12.2012

Մեկնարկում է «Մեղրամիս» բլոգասերիալի երրորդ եթերաշրջանը


«Մեղրամիս» բլոգասերիալի և ընդհանրապես «պոզիտիվ»-ի հարգելի երկրպագուներ, բազմաթիվ բլոգադիտողների խնդրանքով շուրջ մեկ տարվա դադարից հետո ես որոշեցի վերսկսել իմ ու Համբարձում Համբարձումյանի՝ Ավստրիա կատարած ուշագրավ ճամփորդության մոտիվներով սերիալի հեռարձակումը։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ երկու տարի առաջ, նման է հրաշքի, և ոչ միայն այն պատճառով, որ մեզ բախտ վիճակվեց գրականության շնորհիվ այցելել Եվրոպա, այլև՝ որ դա մեզ հետ կատարվեց առանց որևէ ծանոթության, միջնորդության ու ջանքի, այլև՝ որ կատարվեց երկուսիս հետ միաժամանակ և մեր ամուսնական կյանքի արշալույսին։ Սակայն կյանքը միայն հրաշքներից չէ բաղկացած։ Կյանքը բաղկացած է նաև կենցաղային հոգսերից, հոգնածության զգացումից, իմաստների կորստից և բազմաթիվ խոչընդոտներից, որ ծլում են սիրո ճանապարհին և որոնք կարող են թյուրիմացության մեջ գցել, թե մեղրամիսն արդեն հետևում է։ Բայց վստահ եմ՝ ովքեր իրենց մեջ ուժ ունեն վերակենդանացնելու հիշողությունը հրաշքների մասին, կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և նրանց սպասվում են նորանոր հրաշքներ։ Ահա այս հոգեթերապևտիկ և կախարդա-հմայական նպատակով է հիմնականում, որ սկսում եմ հեռարձակումը։ 
Չեմ թաքցնի, այս պահին ես նստած եմ նեգատիվի մեջ, որքան էլ որ հայերեն չի հնչում այս արտահայտությունը, ու իմ «Մեղրամիս» բլոգասերիալի կարիքն ամենից շատ ունեմ հենց ինքս։ Ուրախ կլինեմ, եթե այն կարողանա դրական ապրումներ պարգևել որևէ մեկի՝ ինձնից բացի։ Կաշխատեմ նաև հակիրճ գրել, որովհետև ինչպես ինձ է թվում՝ երկու տարում ժամանակն ավելի է արագացել։ Բացի այդ՝ հիմա հիշողությանս մեջ միայն ամենակարևոր մանրամասներն ու մարդիկ են մնացել, որոնց մասին արժե գրել ու կարդալ։
Այսպիսով՝ դեկտեմբերի 10-ից ամեն օր երեկոյան ժամը 21.00-ին հետևեք «Մեղրամիս» բլոգասերիալի  հերոսների քնարական և խոհափիլիսոփայական արկածներին Ավստրիական Գրաց քաղաքում։ Ասեմ նաև՝ շատ կարևոր են ինձ համար ձեր թարմ մեկնաբանությունները, որոնք անպատճառ հաշվի կառնվեն հետագա սերիաներում։ Ի վերջո, ձեր մեկնաբանություններն են, որ իմ բլոգասերիալը տարբերելու են ճամփորդական վիպակից։ Օգնեք կայացնել բլոգասերիալի ժանրը հայ և ընդհանրապես գրականության մեջ։
Ուրեմն, մինչ հանդիպում։

16.12.2011

Ինչպես տեսա Լևոն Տեր-Պետրոսյանին


Մեր հաջորդ հանդիպումը Բիրգիտի հետ էր։ Բիրգիտը մի շատ համակրելի կին էր, գրող, ով նաև տնօրենն էր այն մշակութային կենտրոնի, որտեղ պետք է ընթերցում ունենայինք։ Մինորիտնը Մարիահիլֆ տաճարով գործող վանական համալիր էր, որ 13-րդ դարում հիմնադրել էին ֆրանցիսկյանները։ Վանքն աշխատում էր նաև որպես մշակութային կենտրոն, ուր տեղի են ունենում ցուցահանդեսներ, գրական ընթերցումներ, դասական երաժշտության համերգներ և այլն։ Բիրգիտը նախ ցույց տվեց մեզ դահլիճը, որտեղ պիտի ընթերցումը լիներ, ապա տարավ մեկ այլ սենյակ ու առաջարկեց՝ սուրճ, թեյ, ջուր։ Մենք նախընտրեցինք սուրճը, իսկ Լուիսն ու Բիրգիտը՝ ջուրը։ Սուրճ պատրաստելու պրոցեսն այնքան երկար տևեց, որ ես ու Հաբոն սկսեցինք ամաչել, որ սուրճ ենք ուզել։ Այդ ընթացքում Բիրգտը, մեզնից ներողություն խնդրելով և ասելով, որ դա կապ չունի մեր ընթերցման հետ, գերմաներեն խոսում էր Լուիսի հետ։ Բայց հանկարծ ես սկսեցի հասկանալ գերմաներեն խոսքը։  Նրանք խոսում են Հերբերտից, նրա տարօրինակություններից են բողոքում և այլն։ Չգիտեմ՝ դիխլաֆո՞սն էր այդպես արթնացրել լեզվական ընդունակություններս, թե՞ ուրիշ բան էր կատարվում, երբեմն ամբողջական նախադասություններ էի հասկանում, ու դրանց միջոցով՝ նաև չհասկացածս էր հասկանալի դառնում։ Աղջիկները բամբասում էին։

15.12.2011

Հայկական ռադիոն և հայոց ցեղասպանությունը



Իվանա Օզեցկի «Ստվերներ ինտերյերում» շարքից

Իվանան Ասուզայի հարևանն էր, կողքի սենյակում էր ապրում, մեզ հրավիրեց իր գործերը նայելու։ Գնացինք։ Ստվերներ էր նկարում՝ իրերի ստվերները՝ ֆոտոխցիկով և յուղաներկով։ Վիդեո-արտեր ուներ՝ ձանձրույթի թեմայով, նաև՝ տոտալ վերահսկողության և Մեծ Եղբոր։ Իվանայի գործերը մեզ շատ հոգեհարազատ էին ու հասկանալի, ինչպես նաև՝ Իվանայի արտահայտած մտքերը։ Այդտեղ, ավստրիական Գրաց քաղաքում, Իվանայի աշխատանքները նայելիս ես ինձ վերջապես ամենայն մանրամասնությամբ հասու դարձավ հետխորհրդային ու պոստկոլոնիալ բառերի իմաստը, որոնցով սիրում են մտավոր աճպարարություններ անել հայ տեսաբանները։ Մենք իրար հասկանում էինք նախադասության կեսից։ Ոչ Լուիսի, ոչ Ասուզայի հետ նման փոխըմբռնում հնարավոր չէր։ 

13.12.2011

Տարբեր կոշիկներով աղջիկը



Ասուզայի ծնունդին հրավիրված էին  մարդիկ, որոնք Գրացում էին այս կամ այն արտիստական ծրագրով։ Նրանք բոլորն ինչ-որ բանով իրար նման էին, ինչպես իրար նման են բոլոր գրանտակերներն ու միջազգային ծրագրերից օգտվողները։ Նրանցից մի քանիսին Լուիսն արդեն հասցրել էր ծանոթացնել մեզ, իսկ մյուսներին ծանոթանում էինք տեղում։ Բոլորն ակտիվորեն շփվում էին, իրենց շատ ազատ ու անկաշկանդ էին զգում, բացի Կոնգոյից եկած սևամորթ գրողից։ Նա մեզնից խեղճ էր, կանգնած էր մեկուսի, ամաչկոտ էր ու երկչոտ, ոչ մեկի հետ չէր շփվում։  Ես ու Համբոն հետը շփվելու փորձ արեցինք։ Համբոն հարցրեց՝ հնարավո՞ր է արդյոք, որ հեղափոխությունների ալիքը Կոնգո էլ հասնի։ Գրողն անգլերեն դժվարանում էր խոսել, նրա լեզուն ֆրանսերենն էր, հիմա էլ գերմաներեն էր սովորում։ Մենք մեզնից խեղճացած մարդ էինք գտել, մեզնից ավելի բռնատիրական երկրում ապրող, մեզնից ավելի վատ անգլերեն իմացող, ու հարցակոխ էինք անում։ Անգլերենի չիմացությունից չէր կարող լինել նրա խեղճությունը, քանի որ միայն մեզ հետ չէր այդպես ծուռվիզ։ Ուրեմն ինչի՞ց էր՝ հայրենքի «կլաս»-ի՞ց, թե՞ տաղանդի հզորությունից։ Դե, մենք սովոր ենք, որ տաղանդավոր մարդու մեջ պիտի խեղճություն լինի, և ինչքան տաղանդը շատ, այդքան խեղճությունը՝ մեծ։ Բայց հնարավոր է՝ շփոթում ենք համեստությունը խեղճության հետ։ Հայ ենք, չէ՞։ Մեր խեղճությունը ոչ հայրենիքի «կլասի» հետ կապ ուներ, ոչ տաղանդի։ Մեր խեղճության պատճառը դիցուք լվերն էին։

12.12.2011

Մակեդոնացու պանդոկը



Ընթերցողը երևի աղոտ հիշում է, որ սերիալի հերոսները հեռավոր ու հեքիաթային Գրաց քաղաքում տառապում էին կենդանական աշխարհի անտեսանելի, խորհրդավոր ու արյունարբու ներկայացուցիչների ձեռքից, որոնց դեմ մղվող ամենօրյա պայքարում էլ անցնում էր նրանց մեղրամիսը։ Պայքարը հիմնականում արդյունք չէր տալիս, բայց մեր հերոսները չէին հանձնվում, որովհետև հանձնվելու իրավունք չունեին՝ պարտավոր էին փրկել երրորդ աշխարհի ներկայացուցչի պատիվը։ Նույն այդ ժամանակ արաբական աշխարհում սկսվել էր հեղափոխություների ալիքը, և մեր հերոսները երկընտրանքի մեջ էին. այդ ալիքի ավերածություններին հետևելու համար նրանք պիտի մնային տանը ու նստեին համակարգիչների դիմաց, մինչդեռ  զարգացած երկրի լվերը նրանց ստիպում էին քիմիական զենք կիրառել ու փախչել տնից։
Բայց սահուն անցնեմ առաջին դեմքի հոգնակի թվին, քանի որ, ինչպես հիշում եք, այդ հերոսները մենք էինք՝ տառապած հայ ազգի երկու հարազատ զավակներս՝ ամուսինս ու ես, որ հայտնվել էինք Ավստրիայում հայ գրականությունը ներկայացնելու առաքելությամբ և արդեն հասցրել էինք ծանոթանալ մի քանի արվեստագետների, որ գտնվում էին մոտավորապես մեր կարգավիճակում։ Նրանցից մեկն էլ ճապոնացի և Բեռլինում բնակվող Ասուզան էր, որ հրավիրել էր մեզ իր ծնունդին՝ ճապոնական ուտեստներ համտեսելու։

08.12.2011

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԵՂՐԱՄԻՍ» ՍԵՐԻԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ՝ այս անգամ իսկականից


«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ու շատ սիրելի ընթերցող, սերիալի հեռարձակումը վերսկսվում է։ Բայց նախքան այդ ուզում եմ ներողություն խնդրել այն անժամանակ ընդհատելու համար, ինչն այն ժամանակ ես բացատրեցի մեկ այլ ճամփորդությունից վերադարձած լինելու հանգամանքով և նոր տպավորությունների առատությամբ։ Գիտեք, որ մի քանի անգամ փորձեցի վերսկսել հեռարձակումը, բայց չկարողացա… Պատճառն իրականում  անակնկալ կերպով ինձ պաշարած հղիությունն էր, որը նույնպես մի յուրահատուկ ճամփորդություն է՝ իր տևողությամբ և մատուցած անակնկալներով համեմատելի թերևս միայն շուրջերկրյա ճանապարհորդության հետ։ Հաճախ հղիությունն ու ծննդաբերությունը հանդես են գալիս որպես ստեղծագործական պրոցեսի փոխաբերություն, թե իբր հեղինակը երկար ժամանակ իր մեջ կրում ու հասունացնում է ստեղծագործությունը, հետո երկունքի ցավերին համարժեք տառապանքով լույս աշխարհ բերում այն։ Կարող է նաև պատրանք ստեղծվել, թե հղիությունը չի խանգարում ստեղծագործելուն, քանի որ դրանք նմանատիպ և նմանաբնույթ վիճակներ են։

29.10.2011

ԲՈՅ ԲՈՒՍԱԹՈՎ «Անտեսված գրողներ, "հալածված" գրողներ»

Հալածված հանճարների փառքի ուրվականը հետապնդում է հայ գրողներին: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ ընդունված տեսակետը, թե մեր բոլոր մեծ գրողները հալածվել ու հետապնդվել են, չքավորության մեջ են ապրել, բայց նրանց շարքերը լրացնելու հավակնություն ունեցող մեր ողջ ու անառողջ գրողների ցանկն օրեցոր մեծանում է: Չքավորության մասով մեր գրողները չեն ուզում նմանվել հալածված հանճարներին, բայց հերիք է մի հոդված, մի հարցազրույց տպվի նրանց մասին, որտեղ նրանք "ընդիմադիր են" երեւացել, մեկին "քննադատել" են, հերիք է մի պատմվածք կամ ոտանավոր գրեն, որտեղ մի "ազդեցիկ մարդու" վատ են ներկայացրել, հերիք է մի ընթերցողի նյարդայնացնի նրանց գրածը, եւ նա հայհոյանքներով անանուն նամակ ուղարկի` վերջ, սկսում են իրենք իրենց շուրջ մեծ ու փոքր սկանդալներ սարքել, իրենք իրենց փչել, փչել այնքան, մինչեւ պայթեն: 

«ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»

Մարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։

09.09.2011

+1+1+1+1+1+1+1+1+1…



Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՞նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
Ե. Չարենց

Երկու աղջիկ էին, մազերը խուճուճացրած, եղունգները բազմագույն ներկած, շորերը մանրակրկիտ արդուկած,ամեն ինչը տեղը տեղին, ինչպես ասում են` պատրաստի հարսնացուներ։ Դուրս էին եկել երեկոյան զբոսանքի, հնարավոր է՝ ամուսնության համար հարմար թեկնածու կպցնելու։ Ու այդպես՝ հոգով-մարմնով գերեվարվելու կազմ-պատրաստ, անցնում էին Ազատության հրապարակով։ Ջահելներ էին տեսել Թումանյանի արձանի շուրջը խմբված, թե պատվանդանի վրա կպցրած «1+» գրությամբ թերթիկներն էին հետաքրքրություն առաջացրել, մոտեցել էին պարզելու` ինչն ինչոց է:

04.06.2011

«Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը

«Մեղրամիս» բլոգասերիալի սիրելի երկրպագուներ, ձեր ներողամտությունն եմ հայցում «Սերիալի» ընդհատման համար։ Ֆրանսիա կատարած այցից հետոֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես անզոր էի շարունակել Ավստրիա կատարած այցի մասին այս պատմությունը։ Բացի այդ զբաղված էի իմ նոր գրքի՝ «Մարադոնան և Ռոնալդինյոն» հեքիաթի հրատարակման, իրացման և ներկայացման հարցերով։ Եկող շաբաթվանից կվերականգնվի սերիալի հեռարձակումը՝ խոստանում եմ։
Իսկ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 18.00-ին Անգլիական այգում (Սունդուկյանի անվան թատրոնի մոտ) տեղի կունենա այդ գրքի շնորհանդեսը։
Սա լեգենդար ֆուտբոլիստների կյանքի պատմությունը չէ, այլ ժամանակակից հեքիաթ՝ հիանալի պատկերազարդումներով։ Շնորհանդեսի ընթացքում գիրքը բացառապես վաճառվելու է, և արժեքը լինելու է 1000 դրամ։ Եթե դուք գիրք գնելու ցանկություն չունեք, կարող եք պարզապես գալ իրար տեսնելու ու լավ ժամանակ անցակացնելու։ Միջոցառման երկրորդ մասում ակնկալվում է քննարկում գրահրատարակչական հարցերի և Հայաստանում բիզնեսի հնարավորությունների մասին։ Ու քանի որ նստելու ենք խոտին, հորդորում եմ տոնական չհագնվել և ցանկության դեպքում վերցնել ծածկոցներ։
Սպասում եմ։

23.05.2011

Փոստ 14. Ֆակ չըրչ

- Դուք պետք ա տեսնեք դա,- ասաց Իվանան,- դա խելագար վայր ա, սրանք այդ ոճն անվանում են «Ֆանտաստիկ ռեալիզմ», բայց դա ավելի ֆանտաստիկ է, քան հնարավոր է պատկերացնել։
Իվանան մի քանի անգամ գայթակղիչ նամակներ ուղարկեց՝ fucks church վերնագրով, որտեղ մեզ նորից ու նորից հորդորում էր այցելել այդ վայր։ Դուք պետք է դա անպայման տեսնեք՝ ասում էր, դա նման չի ոչ մի բանի։
Լուիսը խոստացել էր մեզ տանել այդտեղ իր մեքենայով։ Առավոտյան կողմ, փչելով դիխլաֆոսը, դուրս եկանք ու նստեցինք Լուիսի մեքենան։
- Զգացի՞ր՝ ինչ սառն ա,- ասաց Համբոն։ Նա անընդհատ լվերի տարածքային նվաճումների նշաններ էր որոնում։
Ես չզգացի, որ Լուիսը սառն է, և ընդհանրապես չէր խանգարի նրան մի քիչ սառը լինել, բայց հազիվ թե, Լուիսը՝ տեղով կրակ, ու նրա սառնությունը գիտաֆանտաստիկայի ոլորտից է։ 
Իսկ հիմա այն Թալ անունով գյուղի ու այն եկեղեցու մասին, որ այդպես ցնցել էր Իվանային և ուր մենք ուղևորվում էինք նրա խորհրդով։

14.05.2011

«ՄԵՂՐԱՄԻՍ» սերիալի նոր եթերաշրջանը

«Մեղրամիս» սերիալի բոլոր երկրպագուներից ներողություն եմ խնդրում սերիալի հեռարձակման ընդհատման համար։ Մի քանի օր շարունակ BLOGGER-ը թույլ չէր տալիս, որ գրառում կատարեմ։ Այս գիշեր «Մեղրամիս» սերիալի նկարահանող խումբը (կենտրոնացած մեկ անձի մեջ) մեկնում է Փարիզ՝ պոեզիայի ինչ-որ միջազգային փառատոնի և կվերադառնա մայիսի 23-ին։ Այդ ընթացքում սերիալը չի կարող հեռարձակվել տեխնիկական և կազմակերպչական խնդիրների պատճառով, ինչի համար նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը։ Սակայն մայիսի 23-ից կսկսվի «Մեղրամսի» երկրորդ եթերաշրջանը՝ համալրված նոր հերոսներով ու զավեշտալի իրադարձություններով։ Բաց չթողնեք։ Կհանդիպենք մայիսի 23-ին, երկուշաբթի։

«Մեղրամսի» գլխավոր պրոդյուսեր՝ Արփի Ոսկանյան

10.05.2011

Փոստ 13. Կարող է պատահի՝ մեզ հետևում են


Հերբերտն ամեն օր զանգում էր ու հարցնում. «Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը»։ Ու ավելացնում էր. «Եթե վաղը չէ, մյուս օրն անպայման կգամ»։  Ասում էինք՝ Գրացը սիրուն ա, մենք լավ ենք, իսկ դու մի շտապի, երբ հարմար կլինի, էն ժամանակ էլ արի»։ Ընթերցման օրն այսպես թե այնպես պիտի գար, ինքն էր թարգմանիչը, և հասկացել էինք, որ ավելի շուտ չի էլ գալու, բայց այնուամենայնիվ մի քիչ լարված էինք, եկավ-եկավ… Չէ, մենք իհարկե կուզենայինք, որ Հերբերտը գա ու մնա մեր տանը, բայց… Կտրականապես դեմ էինք նրան լվերոց անելուն։ Լվերի երեսից մենք նույնիսկ բանգլադեշցուն չէինք կարողանում ճաշի հրավիրել։ Եվ ընդհանրապես ճաշի հավես չունեինք էլ , ամբողջ օրը դիխլաֆոս էինք շնչում, դա մեզ ուտելիք էլ էր, խմելիք էլ։ Մենք այնքան էինք տարված լվերով, որ ճաշի ժամանակ չէր էլ մնում։ Ես օրը երեք կամ չորս անգամ լվացք էի անում։ Ու հարդուկ։ Անկողինն օրը երկու անգամ փոխում էի։ Կարդացել էի համացանցում, որ մաքրությունը լվերի դեմ պայքարում ամենազորեղ միջոցն է։ Ավստրիա էի եկել, դառել էի իսկական տնական հայ կնիկ։ Տանը մի չտեսնված մաքրություն էր տիրում, ու ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ էդ լվերը էդ մաքրությանը ոնց էին դիմակայում։

06.05.2011

Փոստ 12. Իմպրովիզացիա Գրեգոր Զամզայի թեմայով


Ավստրիացի կամ ավելի ճիշտ` ավստրիական գրող Ֆրանց Կաֆկայի հերոսը մի առավոտ արթնանում է և տեսնում, որ վերածվել է միջատի։ Մենք միջատի չկերպարանափոխվեցինք, բայց երևի ավելի լավ լիներ կերպարանափոխվեինք, ցեղակիցների հետ շփվելը գոնե հեշտ կլիներ։

04.05.2011

Post 11. Որ մարդը անասուն չի լինում, անասունն էլ ա մարդավարի ապրում


 - Մաքսը՝ մեր տնօրենը, հիվանդ է և չի կարող ընդունել ձեզ։ Հենց սկսի աշխատանքի գալ, ես ձեզ տեղյակ կպահեմ,- բառերը հատ-հատ արտասանելով՝ ասաց Լուիսը ու ծիծաղեց,- վայելեք ևս մի քանի ազատ օր, վայելեք հրաշալի եղանակը, վայելեք ձեր մեղրամիսը։
Երրորդ օրն էր, ինչ Գրացում էինք, բայց արդեն տնից դուրս գալու հավես չունեինք։ Ուզում էինք գիրք կարդալ, քնել, գրել։  Վատն էն էր, որ թեպետ երկու կոմպ ունեինք, ինտերնետը էլի մեկն էր, ու ինտերնետի համար էլի կռիվ էր։ Արդեն հասցրել էինք լուսանկարել քաղաքն ու նկարները գցել «Ֆեյսբուք»։ Համակարգչի մոտ նստած՝ նկարներն էինք դիտում։
- Հիմար ա,- ասաց Համբոն ինձ՝ չգիտես ինչի երրորդ դեմքով դիմելով,- քաղաքը թողած՝ քաղաքի նկարներն ա նայում։

Post 10. Թուրքի խանութ

Հորեղբորս հորդորով գնացինք ավստրիական խոզապուխտ գնելու։ Ավստրիայում ապրած ընկերուհիս զգուշացրել էր, որ կիրակի օրը խանութները փակ են, բայց մենք բոլորովին մտահան էինք արել նրա զգուշացումն ու կրակի օրը կանգնեցինք փաստի առաջ։  Սառնարանը դատարկ էր, մենք՝ սոված, խանութները՝ փակ։ Լավ էր՝ նույն ընկերուհիս տեղյակ էր պահել, որ կիրակի օը միայն «թուրքի խանութն» է բաց լինում, և մենք, գործի գցելով մեր ֆայմի գործակիցը, ճանապարհ ընկանք Մուրի մյուս ափ՝ էմիգրանտների թաղամասը։  Այստեղ պատկերը նույնն էր, ինչ Վիեննայի օդանավակայանում. Տարբեր գույնի, տարբեր ազգությունների մարդիկ՝ հաճախ իրենց ազգային տարազներով։ Ամեն անկյունում շաուրմայանոցներ ու քյաբաբնոցներ, որտեղից ծանոթ բուրմունքներ են տարածվում։ Եվ աղմուկ։ Աղմկոտ ժողովուրդ են էմիգանտները։ Էդ էն դեպքում, որ ստիպված են սուսուփուս ապրել։ Միգուցե սուսուփուս ապրելու պարտադրանքից են այդպես աղմկոտ։

03.05.2011

Post 9. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը


- Սիրուն քաղաք է, չէ՞, Գրացը,- հարցրեց Հերբերտը հեռախոսով։
- Շատ,- ասի,- բայց մեր անգլերենն է տգեղ։
- Բան չկա,- ծիծաղեց,- կգամ, կթարգմանեմ։ Եթե վաղը չէ, մյուս օրն այնպայման կգամ։
Լուիսն զգուշացրել էր. «Քաղաքում մոլորվելու դեպքում ասում եք՝ Շլոսբերգ։ Շլոս նշանակում է բանալի, բերգ՝ սար»։ Դա սարի ու ամրոցի անունն էր, որտեղ գտնվում էր մեր տունը։  Նաև ավելացրել էր՝ վայելեք մեղարամիսը մինչև երկուշաբթի։ Երկուշաբթի  ներկայանալու էինք գրասենյակ՝ տնօրենի հետ ծանոթանալու։  Երկու ազատ օր ունեինք ու դուրս եկանք թափառելու։

29.04.2011

Post 8. Երկրներն իրենց մայրաքաղաքներով են տարբեր


Գրացի օդանավակայանում Լուիսը սպասում էր  վարորդի՝ Անդրեայի հետ։ Մեզ տեսնելուն պես Լուիսի դեմքին մեղավորության զգացում հայտնվեց։ Մի քանի անգամ նամակով զգուշացրել էր, որ Գրացում շատ ցուրտ է։ Ու չնայած մենք նայել էին «Գուգլ»-ում Գրացի ջերմաստիճանն, ու այն երևանյան ջերմաստիճանից հաստատ բարձ էր, Լուիսի հորդորով այնքան տաք էինք հագնվել, որ նույնիսկ Երևանում էինք շոգում։
- Երևանում ձյուն լինո՞ւմ է,- հարցրեց Լուիսը։
- Սովորաբար հա, բայց էս տարի դեռ չի եղել։
- Մեզ մոտ էլ է սովորաբար լինում,- ասաց մեղավոր։
Պատկերացրել էր երևի, որ մենք անապատից ենք գալիս։ Եվրոպացու համար աղքատ եկիրը պիտի շոգ լինի։ Ինչքան հարավ, ինչքան շոգ, էնքան՝ աղքատ ու հետամնաց։

Միտինգ էր, հոգվույս կիրակի

«Մեղրամիս» սերիալի սիրելի երկրպագուներ, տոն և սուգ օրերին սովորաբար դադարեցվում է ամենօրյա հաղորդումների հեռարձակումը, և եթեր են գնում հատուկ հաղորդումներ։ Ու քանի որ այսօր միտինգ էր, իսկ ես չէի կարող հետ պահել ձեզ ձեր քաղաքացիական պարտքը կատարելուց, ուստի այսօրվա սերիան ինքնաբուխ կերպով հետաձգվեց։
Հայցում եմ նրանց ներողամտությունը, ում համար օրը տոն չէր։ Եվ հույս ունեմ, որ առաջիկայում... Հույսեր ունեմ՝ կարճ ասած։