30.12.2015

Ամանորյա հուշեր Արփի Ոսկանյանից


Մոռացված Ամանորը
Պատմում է բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը․
«Միշտ ատել եմ Նոր Տարին։ Երբ փոքր էի, ծնողներս ամեն ինչ անում էին, որ ես ինձ այդ օրերին երջանիկ զգամ, բայց Ձմեռ պապին չէի հավատում, ուտել չէի սիրում և որկրամոլության այդ տոնը, որ ուղեկցվում էր իրարարանցմամբ և քրոջս ու մորս չարչարանքով, անտանելի էր ինձ համար։ Հյուրերի հոսքը և հյուր գնալու պարտադրանքը անասելի ձանձրույթ էին պատճառում։

19.12.2015

Երևանի սերն ու դասերը


Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տեսքով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։  Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր անպայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այնքան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից քաղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. << Ի՞նչ պակաս քաղաք ա Ստեփանավանը >>։
Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զավակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. <<Ուզում եմ գնալ Երևան>>։ Հետո ընտանիքս արտագաղթեց Հայաստանից, և  ես Երևան տեղափոխվելու համար շարունակեցի պայքարել Մոսկվայում։

22.11.2015

Հեռու

Որպեսզի դու ապրես, ես պիտի մեռնեմ։
Եվ էլի խրվեց սերը կոկորդում…
Ինչ ահավոր ծանոթ է  ամեն բան։
Կյանքս՝ հին հունական ողբերգություն՝
վաղուց գրված ու խաղացված,
և հեղինակն է մեռած, և հերոսները։
Ես՝ անհաղորդ հանդիսատես,
կդիտեմ իմ մահը առանց կարեկցանքի.
այնքան հին են կրքերն այդ։
Այն ամենից, ինչ կատարվում է այստեղ ու հիմա,
այն ամենից, ինչ կատարվում է ինձ հետ,
հեռու եմ միլիարդավոր լուսային տարիներ…
Ես զարմանում եմ, որ դեռ խոսում եմ այս լեզվով,
որ խոսում եմ ընդհանրապես,
որ ասում եմ՝ ես և նկատի ունենում ինձ։


1 նոյեմբերի, 2015 թ.

02.11.2015

Մաղթեք ինձ ողջություն, իմ ընկերներ

Մաղթեք ինձ առողջություն, իմ ընկերներ։
Երբ բժիշկները, մարմնիս հակված, փորձեն նորոգել այն,
անէության թմբիրում ճախրելիս
ձեր մաղթանքներն ինձ համար թևեր են դառնալու։

Ես ճախրելու եմ դրանցով հեռուներ՝
այն վայրերը, ուր պատրաստվում էի այցելել,
այն մարդկանց մոտ, ում ցանկանում էի տեսնել...
Ես այդ թևերով վերադառնալու եմ։

30.09.2015

Շուտով՝ աշուն

մտա գրախանութ առանց որոշակի նպատակի
սանրեցի տեղանքը փնտրելով նրան
չգիտեմ ինչու ինձ թվում է
նա սիրում է զբոսնել գրախանութներում

31.08.2015

Մրցուղի

Տարօրինակ մրցուղի, որով վարգում ես։
Կարծես թե չունես մրցակից։
Միգուցե ստվերդ միայն։

Երևի պիտի լինես քեզնից արագ,
քեզնից վայրագ,
ավելին, քան կաս։

Չկա այնպիսի բարձրություն,
որի վրայով չթռչես,
չկա խոչընդոտ, որ կկասեցի ընթացքդ...

Եվ ընդհանրապես չկա խոչընդոտ
այդ մրցուղու ողջ երկայնքով,
նույնիսկ մի քար չկա...

Սմբակներիդ տակ ուղեգորգ է
կենդանի ծաղիկներից՝ տնքացող,
թիթեռների պարսերով է մրցուղիդ եզերված,

պարսերի տակ փռված են դաշտեր՝
կանաչ ու անուշաբույր,
որ մայրաբար կանչում են արածելու։

Ստեղծագործ են գտնվել ու հնարամիտ
խոչընդոտների հեղինակները՝
օժտված հումորի զգացմամբ։

30.08.15

23.08.2015

Իրական կինը


Կհաղթի կինը իրական՝
չափավոր քնարական հոգով
մարմինը ջահել, սիրառատ,
գրկաբաց ազդրերը փափուկ,
կաթնառատ կուրծքը փարթամ,
նորածինը՝ դեռ թաց ու փայլուն,
տանիքը գլխի վերևում,
կռիվները տանիքի ներքո,
սերը կռիվներից հետո,
տունը հավաք 
ու ճաշը եփված,
իրերը՝ իրենց տեղը գտած,
աշխատանքով լցված օրերը,
իմաստուն ու անպետք խորհուրդները՝
սերունդներին տրված,
տխրությունը կորսված երազի՝
չափավոր քնարական,
կյանքը մահկանացու՝
մահը կհաղթի…
Իրական կինը կպարտվի…

18.08.15

15.08.2015

***


Գիշեր է, ամառային գիշեր։ Բայց ինչո՞ւ քունս չի տանում։ Ինչո՞ւ եմ ուսերիս բրդյա շալ գցել։ Ինչո՞ւ է լուսինն այսպես տխուր...
Երկու թռչուն ինչ-որ տխուր երգ են ծլվլում լուսնի տակ։ Գուցե դա բաժանման ե՞րգ է։ Արդյո՞ք թռչուններն էլ են բաժանվում, թե՞ միայն մարդիկ են ընդունակ այդպես չարչարել իրար...
Գիշեր է, ամառային գիշեր։ Բայց դու կողքիս չես, դրա համար էլ ուսերիս բրդյա շալ եմ գցել։ Եվ քունս չի տանում, որովհետև ուզում եմ պարզել ձեռքերս ու փաթաթվել քեզ՝ ամուր-ամուր...
Իսկ թռչունները երկուսը չեն, այլ միայն մեկը։ Եվ այդ մեկը ոչ թե բաժանսան երգ է ծլվլում, այլ կարոտի։ Դրա համար էլ  լուսինը այսպես տխուր է։ Իսկ այն մեկը... Նրա համար երևի ուրիշ լուսին է տխրում...
1995
«Ծիկ» գրքից

09.08.2015

Ծիսակարգ

Ես մոմ չեմ վառում եկեղեցում,
պարտեզումս վարդ եմ տնկում,
վարդ՝ երազանքներիս իրականացման համար,
վարդ՝ սիրելի մարդկանց հիշատակի համար,
վարդ՝ տխրելիս,
վարդ՝ երբ ինձ երջանիկ եմ զգում։

05.08.2015

Այսպիսի սերմնացան

Եվ էլի կլինի, ինչպես միշտ՝
անաղմուկ, բայց վստահ, լիիրավ
կտիրանան հողիս ու տանս,
տղամարդուս ու երեխայիս,
իմ բաժին սիրուն,
ողբերգությանս,
դափնիներիս,
բառիս...
Չեմ ասում սա իբրև նախատինք.
ես ճանկեր չունեմ կառչելու,
ու էլի չհուսաք պատերազմ,
ձեզ լինի բերքը, վայրի հավքեր,
ինչպես նաև հավեր ընտանի,
գազաններ գազազած,
խոզեր կենսախինդ,
ոչխարներ, կովեր և այլք ..
Սրտանց եմ ասում՝ ձեզ լինի,
ի՞նձ ինչ, թե ինչ համ ունի հացը,
եթե ես չեմ կարող սպասել
մինչև հատիկը հասնի։
Կքայլեմ՝ շաղ տալով սերմը
աշխարհի կլոր երեսին,
կքայլեմ անոթի ու թեթև,
և սնունդս կլինի իմ քայլքը։

05.08. 2015 թ.




02.08.2015

ՊԱՐԱ-ՊԱՐԱ-ՆՈ-ՅԱ


Էս գլխից ասեմ՝ ես թեյնիկ չեմ։ Սուլոցիս չսպասեք, թե չէ կմնաք սպասող։ Ոչ էլ ուզում եմ նախշազարդ ինքնաեռ լինել, ձեզ լինի... Ծառ չեմ՝ ոչ փթթած, ոչ հատած։ Չսպասեք, թե մի օր կդալարեմ։ Կոճղը դուք եք, ուրիշ նստարան գտեք ձեզ։ Զարդատուփ էլ չեմ, պղնձե լար չեմ, «Մադոննա» սպասք չեմ, որ տանեք վերնիսաժ, վերավաճառեք։ Մերիլին Մոնրոն չեմ, Հիտլերը չեմ, Նապոլեոնը չեմ, ոչ էլ Կեսարը կամ Մակեդոնացին։ Մի խոսքով՝ հոգեբուժւթյան համար բացարձակ անհետաքրքիր երևույթ եմ, չտեսնված անհետաքրքիր։ Ընդաենը ի՞նչ։ Ո՞նց թե...

12.06.2015

ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
(պոեմ)


Հայոց պատմություն      ............................................................................................. .....       1
Մատյան ողբերգության   ................................................................................................       101
Վերք Հայաստանի             ........................................................................................... .....      102
Սիրեցի, յարս տարան     ...................................................................................................      103

11.06.2015

ԾԻԿ

Ծիկ... Ե՛ս եմ, եկել եմ։ Կարծում էիք՝ պրծե՞լ եք ինձնից։ Չէ՜-է։ Չերազեք։ Ես դեռ ողջ եմ։ Ավելի քան ողջ։ Ու հիմա էլ պրծում չունեք ինձնից հավիտյանս հավիտենից։
Ի՞նչ կասեք, տեսքս ո՞նց է շիրիմից նոր դուրս թռածի համար։

05.06.2015

Հիշիր հուշերդ, ստուգիր հուշերդ



Իմ մանկության տան բակում,
ահռելի եղևնիների տակ
կանգնած եմ բահը ձեռքիս։
Հող էի փորում։
Հողից ծովի հոտ է գալիս։
Հեռվում լիճ կա։
Գորտեր են կռկռում։
Հանկարծ հիշում եմ՝

03.06.2015

ԽԵՆԹԵՐԸ

Արևը սեթևեթում էր, երբ խենթը գնաց խենթուհուն հյուր։ Ճանապարհին նա զգաց, որ արևը ոչ թե սեթևեթում է, այլ այրում։ Բայց խենթուհին առավ նրան իր փեշի հովանու տակ և ինքն էլ պատսպարվեց նրա գրկի հովում։ Այսպես նրանք երկար-երկար խոսեցին հազարումի դատարկ ու անհետաքրքիր բաներից։

02.06.2015

Բարձրաձայն հռհռում եմ



Առանց հեռախոսին նայելու գիտեմ՝ ինձ զանգողն ով է,
Եթե նույնիսկ նա զանգում է տարին մեկ անգամ
Կամ եթե ընդհանրապես պիտի չզանգի։

Գիտեմ, թե որ պահին կանջատվի լույսը,
Երբ հանկարծակի անձրև կսկսվի,
Երբ կլինի երկրաշարժ։

Տեսնում եմ՝ որ ուղղությամբ են թռչում
Կուպիդոնի արձակած նետերը,
Եվ ում սրտերն են խոցվելու ում սիրուց։

Գիտեմ, թե ամառվա որ օրը
Որ փողոցի վրա կդառնամ ուրիշ մարդ,
Ու ինչ զգեստ կլինի այդ պահին իմ հագին…

Այնքան զվարճալի են իմ փորձերը
Ինձնից ինչ-որ բան թաքցնելու,
Ինձ ֆռռացնելու, խաբելու, մոլորեցնելու,

Հոգեկան ախտորոշումների սպառնալիքները,
Բանական բացատրությունները,
Կասկածների համառ սերմանումը…

Բարձրաձայն հռհռում եմ։

18.05.2015

Շշուկներ անդրաշխարհից



Մթնով է ծաղկել խնձորենին.
Աչքերիս հետ բացվեցին կոկոնները,
Որ լուսաբացին պատուհանից
Տեսնեմ անակնկալ։

Գիտեմ, թե որ հին սերս է
Ուղարկել այդ մեծ ծաղկեփունջը։
Էս ինչքան երկար ապրեցի.
Հին սերեր ունեմ դիզած երկնքում…   

Մենք ընտրովի ենք հավատում.
Մեր մեռյալները մեզ հետևում են
Երբ կարիք ունենք օգնության,
Իսկ երբ կուզենային հետևել՝ օ՜, ո՜չ,

Թող մոտ չգան մեր անկողնուն,
Տարփանքի մեջ մենք անհավատ ենք։
Կատաղի կենակցման բղավոցներում
Լսե՞լ եք շշուկներ անդրաշխարհից...

Ծաղկած խնձորենին ձայնով ծանոթ
Շշնջում է՝ ապրիր, ձագս 
Բայց այնպե՜ս տխուր է ասում։
Ասես ուզում է՝ չապրեմ։

16.05.15