02.06.2015

Բարձրաձայն հռհռում եմ



Առանց հեռախոսին նայելու գիտեմ՝ ինձ զանգողն ով է,
Եթե նույնիսկ նա զանգում է տարին մեկ անգամ
Կամ եթե ընդհանրապես պիտի չզանգի։

Գիտեմ, թե որ պահին կանջատվի լույսը,
Երբ հանկարծակի անձրև կսկսվի,
Երբ կլինի երկրաշարժ։

Տեսնում եմ՝ որ ուղղությամբ են թռչում
Կուպիդոնի արձակած նետերը,
Եվ ում սրտերն են խոցվելու ում սիրուց։

Գիտեմ, թե ամառվա որ օրը
Որ փողոցի վրա կդառնամ ուրիշ մարդ,
Ու ինչ զգեստ կլինի այդ պահին իմ հագին…

Այնքան զվարճալի են իմ փորձերը
Ինձնից ինչ-որ բան թաքցնելու,
Ինձ ֆռռացնելու, խաբելու, մոլորեցնելու,

Հոգեկան ախտորոշումների սպառնալիքները,
Բանական բացատրությունները,
Կասկածների համառ սերմանումը…

Բարձրաձայն հռհռում եմ։

18.05.2015

Շշուկներ անդրաշխարհից



Մթնով է ծաղկել խնձորենին.
Աչքերիս հետ բացվեցին կոկոնները,
Որ լուսաբացին պատուհանից
Տեսնեմ անակնկալ։

Գիտեմ, թե որ հին սերս է
Ուղարկել այդ մեծ ծաղկեփունջը։
Էս ինչքան երկար ապրեցի.
Հին սերեր ունեմ դիզած երկնքում…   

Մենք ընտրովի ենք հավատում.
Մեր մեռյալները մեզ հետևում են
Երբ կարիք ունենք օգնության,
Իսկ երբ կուզենային հետևել՝ օ՜, ո՜չ,

Թող մոտ չգան մեր անկողնուն,
Տարփանքի մեջ մենք անհավատ ենք։
Կատաղի կենակցման բղավոցներում
Լսե՞լ եք շշուկներ անդրաշխարհից...

Ծաղկած խնձորենին ձայնով ծանոթ
Շշնջում է՝ ապրիր, ձագս… 
Բայց այնպե՜ս տխուր է ասում։
Ասես ուզում է՝ չապրեմ։

16.05.15

17.05.2015

Աշնան վերջին օրերը

***
Ի՜նչ լավն են աշնան վերջին օրերը։ Հոգնած մեղուները ծաղիկներից վերջին նեկտարն են քաղում։
Ու ես էլ արդեն մահու չափ հոգնած եմ ու երջանիկ։ Ես այլևս չեմ գրելու նամակներ, չեմ շպարվելու ու չեմ շտապելու ժամադրութան։ Ես այլևս չեմ խանդելու ու... Ու ոչինչ։
Այսօր ես ամենագեղեցիկ աղջիկն եմ, իմ սեր։ Բոլորը նայում են իմ ծածանվող մազերին, բոլորը երազում են խմել իմ աչքերը։ Բոլորը երազում են նմանվել մեղուների...
Եվ ես այսօր որոշել եմ վտարել քեզ իմ օրվա եռանկյունաչափությունից, որի բոլոր անկյունները լցված են քեզնով։Առավոտյան ես կթափառեմ մենակ, ճաշին մենակ կզվռնեմ, իսկ երեկոյան դու կարող ես գտնել ինձ պոռնիկների շարքում...

16.05.2015

ՄԱՆԻՖԵՍՏ

Որբևայրի թառանչներից մարմնիս վրա ցան է առաջանում։
Ինչո՞ւ լինել այդքան տգեղ։ Ինչո՞ւ լինել այդքան մերժված ու լքված։ Եվ հեկեկոցներով ողողել տիեզերքը։
Ես իմ կուսաթաղանթի ձեռը կրակը չեմ ընկել, ժամանակին հարցերը լուծել եմ ու հիմա դրանից պատմություն չեմ սարքում։
Պատմություն թող սարքեն պատմագիրները, որ տարագիրները սփոփվեն կռունկներով։
«Քելե, լաո»-ն իմ երգը չէ։ Դո՛ւրս կորեք իմ տնից, մոնղո՛լ- թաթա՛ր- պարսի՛կ- արա՛բ- սելջո՛ւկ- մելջո՛ւկ... Ես տանտերն եմ, և «Քելե, լաո»-ն ձեզ լինի։

13.05.2015

Քո պահապան հրեշտակը

Իմ հիվանդ սիրտ՝ ջերմող ու տնքացող,
Ես գրկել եմ քեզ ու հեքիաթ եմ պատմում։
Ես չունեմ այս կյանքում այլ երազանք՝
Բացի նրանից, որ քո ջերմությունն իջնի։
Ես կվազեմ դեղի հետևից, թրջոցի, ջրի,
Ես չեմ քնի գիշերը և չեմ քնի ցերեկը,
Մշտարթուն կհետևեմ, որ էլ չմրսես,
Որ չընկնես, որ քեզ վնաս չտաս։
Ու այդպես կլինի մինչև օրերի ավարտը.
Ես քո պահապան հրեշտակն եմ ցմահ։
Էլ ի՜նչ առաքելություն, ի՜նչ գեղեցկություն,
Ի՜նչ տղամարդ, ի՜նչ սեր, ի՜նչ կյանք...

Իմ կյանքն ավարտվեց այն պահին, երբ դու ծնվեցիր։
Ինչո՞ւ համառորեն չեմ ուզում սա հասկանալ։

13.05.15

Քամուց քշված

Ես՝ ինչպես մի առագաստանավ,
հրդեհվող առագաստով,
որ քամուց ավելի է բոցավառվում,
չեմ կորցնում հույսս։
Քամին ինձ հեռացնում ու հեռացնում է ափից,
որից պոկվել եմ անաստղ գիշերով,
և թույլ չի տալիս մոտենալ այլ ափերի,
որտեղ կարող եմ առնել հանգիստ։
Քամին ինձ քշում է բաց ծով՝
դեպի անապատը ջրերի,
որ անօգնական բոցկլտամ ու ծխամ,
որպես գեղեցիկ զարդ՝ ծովի ահռելի կրծքին։
Չկա փրկություն այս խելագար ընթացքից...
Ես ասում եմ՝ կմտածեմ այդ մասին վաղը,
և վաղն եմ կրկնում նույնը,
և հաջորդ օրը...

Եվ հույսս այն է, որ ի վերջո
կրակն ու ջուրը կհանդիպեն։

  13.05.15

10.05.2015

շարային տողեր շարքային Հ-ին

ԿՅԱՆՔՆ ԱՌՋԵՎՈւՄ Է
ժամանակն է որ ընտանիք դառնայի
տունուտեղ դնեի և այլն
ընկերուհիներս մեծ երեխաներ ունեն
սիրող ամուսիններ
ոմանք նաև սիրեկան
ով ոնց
իսկ ես դեռ չեմ որոշել ինչ եմ ուզում դառնալ
ինչով եմ ուզում զբաղվել
հետաքրքրություններիս շրջանակը
և այլն
ընկերներս ձեռ են առնում
զինակոչիկի սիրած առջիկ էլ դառար

06.05.2015

ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ ՉԷ ՄԻ



առանց քեզ հաց չեմ ուտում
հեռուստացույց չեմ նայում
չեմ քնում չեմ արթնանում
առանց քեզ չեմ լողանում
մազերս չեմ սանրում
շորերս չեմ լվանում
կինոն կինո չի առանց քեզ
միտինգը միտինգ չի
երթը երթ չի
Նիկոլը անգամ էլ էն չի
ո՞նց եմ հեղափոխություն անելու
առանց քեզ

2007

«Անտերուդուս» գրքից

04.05.2015

Կեսգիշեր

Կեսգիշերից դեռ մի քիչ պակաս է։

Հյուրերը հենց նոր հեռացան, և դուռը շրըխկաց։ Ափսեների կույտը սպասում է ինձ։ Իզուր...
Քամին մտել է փեշիս տակ։ Հետևից ինչ-որ մեկը արձակում է մազերս ու քաշում։ Նրա շնչից սուրճի համ է գալիս։ Իսկ գիշերն ասես ամենևին էլ գիշեր չլինի, այլ պաղպաղակ...
- Ինչո՞ւ ես պաղպաղակը քսում մարմնիս...

Նրանք ոտքերիս տակ


***
Նրանք ոտքերիս տակ պատվանդան են դրել։
Նրանք համբույրներով են օծում ոտքերս։
Նրանք փաղաքշում են թմբկաթաղանթս աղոթքներով։

02.05.2015

Ես գիտեմ, թե ով ես դու

***
Ես գիտեմ, թե ով ես դու։
Այն պահին, երբ քո ձեռքերը պատառոտում են մարմինս, և շուրթերդ քնքշաբար հոշոտում են կուրծքս, ես բացում եմ աչքերս ու քո թևատակից նայում դիմացի հայելուն. մենք ենք՝ մեր մերկ մարմիններն ու հոգիները՝ ցայգալույսով ողողված։ Հետո նայում եմ փակ կոպերիդ և նրանց հայելու միջով ընկնում քո լաբիրինթոսները։

01.05.2015

Իններորդ ալիք


- Ի՜նչ իմաստ դիմադրելու մեջ,
ալիքների հետ կռիվ տալու,
պայքարելու, հակառակվելու,
ի՞նչ տարբերություն, թե որ կողմ կլողաս,
երբ ոչ մի կողմում ափ չի նշմարվում…-
հոգնելով՝ այսպես խոսեցի ինքս ինձ հետ,-

29.04.2015

Դիետա. օր առաջին

Ես նորից գալիս եմ դեպի քեզ, իմ մարմնիկ,
ուրիշ ճար չունեմ քեզ սիրելուց բացի,
բաժանվել քեզնից ոչ, չեմ ուզում,
և լինել քայքայմանդ վկան՝ նույնպես։

25.04.2015

Արձակ բանաստեղծություններ



***
Եկե՞լ ես։ Շատ մի հապաղիր դռան մոտ, շուտ ներս մտիր։ Մտիր համարձակ և ուրախ։ Պայծառ ժպիտովդ լցրու հոգիների խոնավ անկյունները, բայց աշունից պահված մի քանի չոր տերևները մի փշրիր։ Թող քո բերած ուրախության ծովի մեջ լուծվի այդ մի քանի կաթիլ թախիծը։ Ականջ դիր հոգու պատմություններին, ուրախացիր անկեղծ և անկեղծ տխրիր։ Միայն երկար մի մնա այնտեղ, ուր հյուր ես։ Գողացիր այն, ինչ եկել ես գողանալու և թող այն, ինչ պիտի թողնես ու... Անհայտացի՛ր՝ անավարտ թողնելով խոսքդ։ Եվ այնժամ դուռը հետևիցդ չի շրխկա ձանձրացած ու չի ասի՝ գնաց վերջապես։
Դուռը զարմանքից բաց կմնա ու արցունքոտված աչքերով կափսոսա՝ ի՜նչ շուտ գնաց։
1995

Իմ և Աստծո միջև կանգնած է մեղքը

***
Իմ և Աստծո միջև կանգնած է մեղքը։ Ես տեսնում եմ նրան այնպես պարզ, ինչպես ինքս ինձ հայելում։ Նրան ոչ մի ներում չկա։ Եվ ոչ էլ ինձ։ Ի՞նչ ներման մասին կարող է լինել խոսքը, երբ ես կռապաշտ եմ։
Իմ և Աստծո միջև կանգնած է իմ կուռքը։ Նա հետևում է ինձ իր հուր աչքերով, ուր էլ որ գնամ։ Նա ինձ է հառել իր արևային հայացքը, որից փախչել ես չեմ կարող։ Եվ ես վախենում եմ նրանից, ինչպես Աստծուց։
Իմ և Աստծո միջև կանգնած է իմ Աստվածը։ Նրանից են կախված իմ բախտն ու ճակատագիրը։ Կուզի՝ երջանկություն կտա ու բերկրանք, կուզի՝ ցավ, տառապանք ու անթիվ արցունքներ։ Նա է իմ սրտի միակ տերը։
Իմ և Աստծո միջև կանգնած է իմ սիրտը։ Այն հանդգնել է սիրել մարդուն, հանդգնել է աստվածացնել նրան ու երկրպագել մոլի։ Այլևս ի՞նչ ներման մասին կարող է լինել խոսքը, երբ...
Իմ և Աստծո միջև կանգնած ես... Դո՛ւ։

1995


«Ծիկ» գրքից

23.04.2015

Ես վաղ եմ արթնացել...

***
Ես վաղ եմ արթնացել, բայց թարմ ձյան վրա արդեն ոտնահետքեր կան։ Ինձ անծանոթ ու օտար ինչ-որ մեկն ինձանից վաղ է արթնացել և հասցրել է տրորել այս չքնաղ ձյունը։ Տրորել է ու անցել՝ իր կոպիտ հետքը թողնլով ձյան վրա։ Ես ուշացել եմ։

Ես վաղ եմ եկել, բայց քո մազերի ձյունին օտար մատնահետքեր կան, քո շուրթերին՝ օտար համբույրների հետքեր։ Օտար հայացքից մխացող վերքեր կան քո հոգում ու... սպիներ։ Եվ ինձ անծանոթ ինչ-որ մեկը անգթաբար տրորել է դրանք ու անցել։ Անցել է՝ իր ցավոտ շոյանքների հուշը թողնելով քո հոգում։ Ես ուշացել եմ...

Բայց ո՛չ, ես չեմ ուշացել։ Ես եկել եմ ճիշտ ժամանակին։ Իմ մատների խորամանկ խաղով ես կջնջեմ օտար մատնահետքերը քո մզերի ձյունից։ Քնքուշ համբույրներով կքշեմ քո շուրթերից համբույրները օտար։ Եվ քո սպիներն ու վերքերը կամոքեմ սիրո՛վ։
Ես չեմ ուշացել։

1994

«Ծիկ» գրքից