26.02.2015

Սիրում եմ



Պահը, երբ կանգնած ես անդունդի եզրին,
Ու ինչ-որ մեկը ներսիցդ ասում է՝ ճախրիր,
Եվ մի ուրիշն էլ բղավում է՝ կընկնես,
Երբ քեզ մի քայլ է բաժանում
Թռիչքից, անկումից և ընկրկումից,
Ու երեքն էլ նույնքան հավանական են,
Ու երեքն էլ՝ կանխավ լի ափսոսանքով։

Պահը, երբ մարմինները մոտենում են,
Բայց աչքերը դեռ չեն փակվել,
Շուրթերը չեն միահյուսվել,
Երբ բիբերի մեջ տեսնում ես քեզ
Եվ գլխի թեթև շարժում է բաժանում
Մեկնումից և հետդարձից,
Ու երկուսն էլ լի են տխրությամբ։

Պահը, երբ նստած ես սպիտակ թղթի առաջ,
Ու սիրտդ բաբախում է այնքան ուժգին,
Որ բոլոր ձայները խլանում են։

25.02.2015

21.02.2015

Լինել բռնված



Բառերը՝ անծայրածիր օվկիանոս,
բառերը՝ խորտակված նավեր,
բառերը՝ գանձեր նավերի մեջ,
բառերը՝ ձկներ մեծ ու փոքր,
բառերը՝ քարեր ու բույսեր,
բառերը՝ ալիքներ անհամար,
բառերը՝ ավազ, փրփուր…
Ես՝ արհեստավարժ ջրահարս,
որ կարող եմ լողալ անվերջ
ու առանց հոգնելու,
կարող եմ լողալ նազանքով,
կարող եմ լողալ կատաղի,
լողալ բառերի արանքով,
բառերը ճեղքելով,
խճճելով ու խճճվելով,
քանդելով խճուճները,
բառերից խաբկանքներ հյուսել
հոգնած նավաստիների համար,
ուռկաններ՝ խիզախ լողորդների,

06.02.2015

Այն ո՞վ է, այն ո՞վ…



Նա շատ բարդ երեխա էր մի՝
Մեծերին միշտ հակաճառող,
Ոնց վարվել հետը՝ չգիտեին
Դաստիարակ, դասատու, ծնող։
Լոկ մի քանի տառ էր սերտել,
Դեռ հինգ տարեկան էլ չկար,
Երբ սկսեց եռանդով քերթել՝ 
Հանգերով անհեթեթ ու հիմար։

04.02.2015

Սիրում եմ ոչ մի բանից մի բան ստանալ

Համլետ Վարդանյանի հետ ծանոթացա ՆՓԱԿ-ի «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի ժամանակ։ Չնայած մրցութային ծրագրում ներառված նրա ֆիլմը մրցանակի չարժանացավ, Համլետը, ինչպես ասում են, փառատոնի ֆավորիտն էր։ «Բձեքը», «Բուգի-վուգի», «Ցերեկային լուսնոտը», «Անդալուզյան ցուլը»՝ Համլետի այս ֆիլմերի «հետահայաց ցուցադրությունը» փառատոնի գլխավոր զարդն էր, որ բոլորիս լիահույս էր դարձնում, թե հայ կինոն կարող է ապագա ունենալ։ Մինչ բոլոր անկյուններից հնչում էր նրա անունը, Համլետը գիրքը ձեռքին շրջում էր ՆՓԱԿ-ի միջանցքներով՝ աչքը չկտրելով էջից։ Մեր օրերում արդեն իսկ բացառիկ բան է ընթերցող մարդ տեսնելը, բայց պակաս բացառիկ չէ ստեղծագործողը, որին չի հետաքրքրում հաջողությունը։ Երեւում էր, որ Համլետի համար իր ֆիլմերի հաջողությունն անակնկալ է։ Իր խոսքով, ինքը դրանք նկարելիս չի էլ մտածել, թե ֆիլմ է նկարում։
«Մի օր տանը նստած էի՝ գյուղում, ընկերներս եկան, թե եկեք մի բան նկարենք, մեզ համար, կոմպյուտեր ունենք, մոնտաժ կանենք, կխնդանք։ Եկան ոչ թե նրա համար, որ գիտեին ես ուզում եմ ֆիլմ նկարել, այլ որովհետեւ իրենք էլ էին ուզում, ես էլ։ Ոչ մի հավակնություն չկար»։ Հետագայում պրոֆեսիոնալներից է Համլետն իմացել, որ ֆիլմ է նկարել կինոյի կանոններով, որ իր արածը մոտ է «նոր ալիքի» կոնցեպցիային։

03.02.2015

ՆՈՐԱՐԱՐ- ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՑՈւՑԱՍՐԱՀ


Նա վիդեոինստալյացիա էր դիտում,
իսկ մյուսները դիտում էին ինձ.
ես ցուցադրում էի իմ քայլվածքը։
Հայրս ասում է, որ քայլելը արվեստ է՝
ավելի, քան խոսքի ու մնացած արվեստները,
քանզի չկա մի բան, որի մասին
քայլվածքը կարողանա լռել։
Իմ քայլվածքն ասում էր.

01.02.2015

ԳՌԵՀԻԿ Ու ԳԵՂԵՑԻԿ

Անխոստում ու թեթև սկսվեց,
գռեհիկ ու գեղեցիկ,
արաղով ու ախպերական գրկախառնումով,
հարազատությամբ,
ընդհանուր նախնիների փնտրտուքով,
հետաքրքրությունների ընդհանրությամբ,
հումորի զգացման
ու լեզվազգացողության
ցուցադրությամբ,
աշխարհընկալման նմանությամբ,
փորձի թեթևակի փոխանակմամբ՝
գռեհիկ ու գեղեցիկ,
անխոստում ու թեթև սկսվեց,
մոգական համակրանքով,
համակրական մոգությամբ,
մարմնի ու հոգու ջերմությամբ,
թեթև մրսածությամբ, փռշտոցով,
ոչինչ չպարտադրող հոգատարությամբ,
թեյով ու կիտրոնով, մոռի մուրաբայով,
տենդով,
գնալու ու մնալու անկարողությամբ։
Սա հենց այն պատմությունն է,
որ ունի ավարտ՝
ողբերգական, որպես կանոն,
և միայն երբեմն,
բախտի բերմամբ,
տխուր։

2004

«Անտերուդուս» գրքից

07.01.2015

Ռուզաննա Ոսկանյան / Բայց ի՜նչ դժվար է, օ՜, սիրահարվելը

ruzannavoskԱրփի Ոսկանյանի «Ծիկ» ժողովածուն եթե ոչ բուռն, այնուամենայնիվ որոշակի քննարկումների տեղիք տվեց: Սկսնակ գրողները, գրաքննադատները, այլևս գրական հեղինակություններն իրենց որոշիչ խոսքն ասացին: Ոմանք ոգևորված հորդորեցին շարունակել, ոմանք էլ խնդրեցին, պաղատեցին էլ չգրել: «Պոեզիայով մտնել գրականություն դեռևս նշանակում էր մտնել շքամուտքից: Մինչդեռ արձակ բանաստեղծությունը անլուրջ ժանր է. այն ոչ միայն արձակ, այլև անգամ պոեզիա չի, և ինչպես միջին սեռը հասարակություններում, որտեղ հարգանք են վայելում առնական տղամարդիկ ու կանացի կանայք, իմ այդ տեքստերը անհանգստություն էին պատճառում, - հիշում է բանաստեղծուհին: - Անհանգստության իրական պատճառը բառերն ու թեմաները չէին, ինչպես թվում էր անհանգստացածներին, այլ ձևը, որ անձև էր» (կազմի վրա): Ի տարբերություն առաջին ժողովածուի` «Անտերուդուսը» լռության մատնվեց։ Անշուշտ, եղան քննարկումներ փոքրաթիվ հարազատների շրջանում։ Կասկածի հնարավորությունը բացառող մի քանի բառով, արտահայտությամբ բարձրացվեց կամ էլ ցեխին հավասարեցվեց բանաստեղծուհին, բայց երբ գործը հասավ «դիվան բաշուն», այն է` խոսքը թղթին հանձնելուն, մեկը ալարեց, մյուսը չհամարձակվեց։ Իսկ գրական գործընթացում ամենասարսափելի բանը լռությունն է. գետը, եթե չի հոսում, վաղ թե ուշ ճահճանում է։ Մեկ տարի ուշացումով փորձում եմ խախտել լռությունը` կարճելով հեռավորությունը սիրելի, կամակոր, անսովոր Արփի Ոսկանյանի և ընթերցողի միջև։ 

«Շարույթ» և «Շարական» շարքերից



«Շարույթ» շարքից

ՄՆԱՅՈւՆ ԱՐԺԵՔՆԵՐ
Ես կավ եմ՝ անձև զանգված,
հլու անձրևին, արևին, քամուն, մատներին,
ամեն ոք կարող է վրաս թողնել իր ոտնահետքը,
ժամանակն այն անպայման կլվանա,
վերցրու ու ծեփիր ինձնից քո
դժբախտությունը։
2004

03.01.2015

Դառնալ Ճարտարապետ


Արդեն երեք օր զարթնում եմ ամոթահար ու երջանիկ,
ինչպես ամուսնացած մի կին,
որ երազում սիրահարվել է այլ տղամարդու
ու ամբողջ օրը մտածում է նրա մասին,
ու չգիտի՝ ոնց նայի ամուսնու դեմքին,
որին սիրում է ու հարգում
և ընդհանրապես միտք չունի բաժանվելու...

13.11.2014

Պետություն կառավարելու դասընթաց

Սկզբում ցորեն ցանիր.
կարևոր է, որ ժողովուրդը սովից չմեռնի,
կարևոր է նաև, որ կուշտ չլինի,
թե չէ ո՞վ կաշխատի դաշտերում,
քարհանքերում ու շինարարության վրա:
Ապա գիշերային ակումբ ու խաղատուն կառուցիր,
որ նաև զվարճանք լինի ու
վաստակը քամուն տալու տեղ:
Պատվիրիր սիրել զմիմյանս ու բազմանալ,
բարգավաճման համար աշխատուժ է պետք,
ինչպես և կանոնավոր բանակ
սահմանները պաշտպանելու համար,
հարմար առիթի դեպքում` ընդարձակելու:

26.10.2014

Վարդան Ջալոյան / Գրողը օրգանական մտավորականության ամենակարեւոր ջոկատն է

Արվեստի քննադատ, վերլուծաբան եւ հրապարակախոս Վարդան Ջալոյանի ուշադրության կենտրոնում մի քանի տարի առաջ ժամանակակից հայ գրականությունն էր։ Նա գրականության մեջ էր փորձում տեսնել հասունացող իրադարձությունների սաղմերը՝ որպես մի ոլորտի, որտեղ ձեւավորվում են հասարակության ֆանտազմները։ Հայ գրականագիտության պատմության մեջ նա կմնա որպես հոգեվերլուծական
գրաքննադատության հիմնադիր եւ միակ ու անկրկնելի ներկայացուցիչ։ Այսօր Վարդանը գրում է վերլուծություններ եկեղեցու եւ հավատի, տնտեսության եւ պատմության, քաղաքականության եւ հասարակական փոփոխությունների շուրջ եւ արդեն չի անդրադառնում գրականությանը։
- Ինչո՞ւ չես գրում գրականության մասին։ Գրականությունը քեզ հետաքրքիր չի՞, թե՞ կարծում ես, որ հետաքրքիր չի ընթերցողներին։ 
- Գրողն ինքը պիտի հետաքրքիր լինի, որովհետեւ ամեն մի գրականություն մարդն է գրում։ Եթե ինքը գրել է, համապատասխանաբար ինչ-որ մեկը կարդում է։ Կարդալու ընթացքում առաջանում են որոշակի հարաբերություններ։ Ընթերցողին այդ հարաբերությունները կարող են դուր չգալ:

16.10.2014

Երկու քաղաքական գրառում


Գրող, արվեստաբան Արփի Ոսկանյանը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած եռյակի հանրահավաքի առիթով հիշել է Մարտի 1-ի իրադարձությունները եւ այն, որ այսօրվա իր ողջ լինելը երջանիկ պատահականություն է: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հրապարակմամբ նա իր ընկերներից հարցնում է` «արդյո՞ք եթե ես զոհված լինեի, դուք էլի ներկա էիք լինելու էդ միտինգին և արդյո՞ք էլի այդպես երջանիկ ժպտալու էիք»:
Ստորեւ ներկայացնում ենք Արփի Ոսկանյանի գրառումն ամբողջությամբ. 

07.10.2014

Գրականության ուսերին է պայքարի կերպն ու ելքը գտնելու բեռը

Զրուցել եմ՝ գրող, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ

 - Եթե խոսելու լինենք այսօր տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կատարվում են քաղաքականության մեջ, ի՞նչ գնահատական կտաս... Արդյոք քաղաքականություն Հայաստանում կա՞, թե՞...
-Կան խմբեր, որոնք ունեն իշխանություն, և կան խմբեր, որոնք ուզում են գալ իշխանության։ Կա նաև ժողովուրդ, որը զրկված է իշխանությունից և արդեն ավելի քան մեկ տասնամյակ չի կարողանում վերադարձնել այն։ Պետք է հասկանալ, որ այդ իշխանությունը ուղղակիորեն կապված է մեր երկրի ինքնիշխանության հետ։ Մեր իշխանության կորուստը՝ ինքնիշխանության կորստի հետ։ Ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ընդունված է իշխանության կորուստը կապել Քոչարյանի պալատական հեղաշրջման հետ, բայց իմ կարծիքով դա մի երկարատև, հաճախ աննկատ ընթացող գործընթաց է եղել, որը սկսվել է շատ ավելի վաղ։ Թերևս անկախության առաջին տարիներին մի կարճ շրջան է, որ ժողովուրդը իշխանություն է ունեցել և երկիրը՝ ինքնիշխանություն։ 96 թիվ, հոկտեմբերի 27, 2004 թվի ապրիլի 13, 2008-ի մարտի մեկ։ Սրանք ոչ թե մեր ինքնիշխանության կորստի թվերն են, այլ այդ խորացող գործընթացի հանգրվանները։ Այսօր թվում է քաղաքական գործընթացներն արդեն մեզնից չեն կախված կամ կախված են շատ աննշան չափով։ Կա քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը ոչ թե մենք ենք վարում, այլ վարվում է մեր նկատմամբ։ Քաղաքական դաշտն այսօր մոնոպոլիզացված է, ինչպես, ասենք, բիզնեսի դաշտը։ Մոնոպոլիզացված է ոչ միայն այսօր փաստացի իշխանություն հանդիսացող ուժերի կողմից, այլև նրանց, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը։ Մենք գործ ունենք հիմնականում արտաքին ազդեցության գործակալների հետ։ Այս պարագայում շատերին ողջամիտ է թվում հարմարվողականությունը, իշխանության ծոցում (ներկա կամ ապագա) սեփական տեղը ապահովելը։ Եվ այնուամենայնիվ ելքը քաղաքացիական նախաձեռնությունն է՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համախմբումը իսկապես հայաստանակենտրոն և հայաստանածին ուժի ստեղծման շուրջ։ Ես նման հնարավորություն տեսնում եմ։ Տեսնում եմ պայքարող քաղաքացիներ, որոնց ուզում են գրավել դաշտում առկա քաղաքական խաղացողները, բայց տեսնում եմ նաև շատ մեծ անվստահություն այդ ուժերի նկատմամբ, դիմադրություն քաղաքացիների կողմից։ Ուրեմն պիտի կայանա ուրիշ մի ուժ, որը պիտի հենվի միայն ժողովրդի վրա, պիտի արտահայտի նրա կամքը, ոչ թե օգտագործի նրան որպես թնդանոթի միս՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։

05.10.2014

Ամենալավ ճաշը



Օրս սկսվում է մածունով…
Առավոտյան, երբ հատկապես դառնացած են
մարմինդ ու հոգիդ,
հրաշալի է օրը մածունով սկսելը…
Մածունն անգամ մեղվի ու արևի կծածին է լավ,
ինչպիսի դարման կլինի թույների մեջ ճպճպացող
մարմնի ու հոգու համար…
Հազար օրհնվեն մեր նախնիները,
որ հնարել են մածունը…

28.09.2014

Մնաս բարով, պոնչիկս



Ես փակում եմ աչքերս , ես բացում եմ աչքերս…
Ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ քեզ…
Նախկինում կարող էի անգամ կարծել,
Թե  սոսկ շտապ օգնություն ես
Սովի հարձակումների պահերին
Կամ  դեղ՝ հանկարծահաս տխրության դեմ։
Եվ միայն հիմա՝
Այս տանջալի դիետայի քսանմեկերորդ օրը,
Երբ այսքան երկար ապրել եմ առանց քեզ,
Ինձ համակել է մաշող կարոտը։

31.08.2014

ՍՈւՏՄԵՌՈւԿ*

Երևի այս ձմեռ կմեռնեմ գրիպից՝
չճաշակած քո թուքը, քրտինքը, սերմը...
Սկզբում կդիմադրեմ ձևի համար,
չվարակվելու փորձեր կանեմ,
տանը սոխ ու սխտոր կշարեմ,
դուրս չեմ գա, ոչ ոքի չեմ թողնի ներս,
չեմ օդափոխի տունը,
բայց վարակը կթափանցի ծխնելույզով,
դռան ու պատուհանի անցքերով,
ջրի ծորակով, կոյուղով,
մկների և խավարասերների ոտնահետքերով,
գիշերվա խավարում խարխափելով՝
վերջիվերջո կգտնի կոկորդս ու կբռնի այն
ու կտիրանա ինձ տղամարդու պես...

09.05.2014

ՄԵՌԼՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Հարություն առ ու բացիր պատուհանը,
տես ծառերն առաջին անգամ,
տղաների մազոտ ոտքերը,
ծարավ հայացքներն զգա մաշկիդ վրա,
մեկնվիր նրանց տակ,

02.05.2014

ՀԱՅՐ ՄԵՐ


Մենք որբ էինք։ Մենք թրջված էինք, կծկված, քաղցած, բոկոտն։ Մենք կույր էինք, սարսափած ու պատռված...
Մենք սեղմում էինք միմյանց ձեռքերը քրտնած ափերով։ Քրտնած ափերով ծածկում էինք մեր կարմիր աչքերը։ Անձրևը լցվում էր մեր ռունգերի մեջ։ Մեր ձեռքերն ու ոտքերը պոկվում-ընընում էին։ Մենք գալարվում էինք ու կարմիր աչքերով որոնում նրան։
Արի՛, անսփոփ գիշերում մեզ քույր եղի՛ր։ Արի՛, մայրություն արա մեզ։ Բացի՛ր մեզ քո մարմնի խոռոչները ու քո մեջ ա՛ռ մեր անհագ, անսպառ, հավիտենական կարոտը։
Արի՛, տե՛ս՝ ոնց են ձիերը մեզ սմբակների տակ գցել... Արի՛, տե՛ս՝ ոնց են դևերը կղկղել մեզ վրա։ Արի՛ տե՛ս՝ շունը քնած է... Շո՜ւնչ բեր...
Հիշի՛ր մեզ, արի՛ ու վե՛րջ տուր այս կիսատ աշխարհին։

30.04.2014

ՄԻ ՀՐԵՇԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև հայրս նրա բոստանից ծաղիկ էր պոկել։ Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ կարող է սիրեմ նրան, էլ չեմ ասում՝ թե կարող է նա կախարդած մարդ լինի։ Ու ես դեռ կարգին չսիրած, ողնաշարը կոր, գանգը մեծ, ուղեղը անծալ, տերևով փակեց ամոթատեղին ու թողեց-փախավ։
Երկրորդ անգամ հրեշի հետ պառկեցի, որովհետև սիրտս ուզեց բարի բան անել։ Նա այնպես մերժված էր, մենակ ու անսեր, որ մտածեցի՝ ինչ կա որ, հրեշ սիրելու փորձ արդեն ունեմ։ Ի՜նչ իմանայի, որ... Սա էլ կախարդված ագռավ էր. հազիվ էինք անկողին մտել, մեկ էլ թևերը թափահարեց ու թռավ-գնաց։
Երրորդ անգամ հրեշի հետ պառկեցի հավանաբար նախորդ երկուսի կարոտից։ Ինչքան չլինի, իմ հրեշներն էին։ Թեպետ ոչ իմն էին, ոչ էլ գոնե հրեշ։ Այս մեկն էլ նրանցից հետ չմնաց. պարզվեց՝ կախարդված ճագար է։ Դեռ կրծկալս չհանած՝ թափահարեց ականջներն ու անհետացավ թփուտներում։

28.04.2014

ՍԵՐ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Սպանդանոցում կախված մարմինները
դանդաղ նվաղում են, երջանիկ բզզոցով
ճանճերը ձվադրելու տեղ են փնտրում,
խոստումնահայց, հուսառատ նայում եմ
մորուքի տակից փքված երակներին,
շոյում եմ ուղեղի ծալքերը, ճմռում,
կենդանակերպ արձանիկներ ծեփում՝
աչքերս փայլեցնելով ու ժպտալով զգլխիչ
կապտամորուս Աստծո պատկերով և
նմանությամբ ընտրած տղամարդկանց,
թեպետ վաղուց մութ սենյակում կողպած,
կախաղանի վրա փտող դիակ եմ,
գանգը՝ ցլերի ամորձիներով բտած։

2005

«Անտերուդուս» գրքից

26.04.2014

Որպեսզի պարը չդառնա գրաբար

Որպեսզի պարը չդառնա գրաբար

Գագիկ Գինոսյանին պարի հետ կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախել է պարի խմբակի։ Ամոթխած սիրահարը խնդրել է Գագիկին ընկերակցել իրեն ու պարի գնալ։ Ընկերոջը չնեղացնելու համար ապագա կիբեռնետիկը համաձայնվել է՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Բայց պարուսույցը Հայրիկ Մուրադյանն է եղել եւ տղային ընդմիշտ կապել է պարին։ Ուսանողական տարիներին Գագիկը գրել է մի արձակ բանաստեղծություն, որի մեջ այսպիսի տող է եղել. «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»։ Ու որպեսզի պարը գրաբար չդառնա, նա այսօր էլ շարունակում է իր ուսուցչի գործը. շրջում է գյուղից գյուղ, պարեր է հավաքում, վերականգնում, գրառում եւ վերադարձնում ժողովրդին՝ 2001-ին իր ստեղծած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ջանքերով։ Գինոսյանի համար ազգային պարը միայն պար չէ, այլ մեր ազգի լինելիության գրավականը։ Եվ խմբի պարապմունքներն էլ, իր իսկ խոսքերով, ավելի շատ գաղափարախոսական են։ Բնականաբար հարցազրույցի ժամանակ Գագիկը հաճախ էր մեջբերումներ անում Նժդեհից։ Խումբը չի մեկուսացնում իրեն հասարակական կյանքից եւ մասնակցում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» բողոքի ակցիային։ Արդեն հինգ տարի է, ինչ «Կարինը»  «Նարեկացի» արվեստի կենտրոնի եւ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի շնորհիվ ցանկացողները կարողանում են անվճար սովորել հայկական պարերը։ Ու քանի որ ցանկացողները շատացել էին, ամռանը նրանք որոշեցին դուրս գալ արվեստի կենտրոնի «ընդհատակից» եւ պարապմունքներն անցկացնել բացօթյա։ Ամռանը Կասկադով անցած մեր ընթերցողներից շատերը հնարավոր է այդ պարապմունքների ակամա ականատեսը դարձած լինեն կամ, ինչու ոչ, մասնակիցը։ Հիմա էլ քաղաքապետարանը սպորտային դահլիճ է տրամադրել խմբին՝ լուսավորչական առաքելությունը շարունակելու համար։ 

Արվեստը, ոնց որ երեխան, փոխում է աշխարհը

Անկախության առաջին տարիները գրականության ու արվեստի մեջ թարմացման, նորի փնտրտուքի, բանավեճերի ու աշխուժության տարիներ էին։ Այդ տարիներին կերպարվեստում ի հայտ եկավ մի սերունդ, որը խզելով կապերը խորհրդահայ կերպարվեստի ավանդույթների հետ՝ փորձում էր հայկական կերպարվեստը եւ Հայաստանը դարձնել աշխարհի մաս։ Նկարիչների միությունն այդպես էլ չընդունեց նրանց արվեստը՝ պիտակելով այն որպես «պոռնոգրաֆիա», եւ նկարիչները ստիպված էին ցուցադրությունների ու հավաքների համար այլ վայրեր փնտրել։ Այդպիսի վայր մի որոշ շրջան եղավ ՆՓԱԿ-ը, ապա` «Հայարտը»,  բայց դանդաղ ու հետեւողական կերպով նկարիչներից խլվեցին նրանց տարածքները, ինչպես ժողովրդից՝ երկիրը։ Այսօր այլընտրանքային մտքի համար մնացել են փոքրիկ, «միտեղանոց» կղզյակներ։ Արտիստական միջավայրի եւ դրա բացակայության մասին փորձեցի զրուցել նկարիչ Մհեր Ազատյանի հետ։  

Արփի Ոսկանյան. Գիրքը` լվացքի մեքենա

05.10.2010  

Մեր հասարակության մեջ կարծիք կա, որ գեղարվեստական գրականությունը պահանջարկ չունի։ Այդ կարծիքը պարբերաբար տարածվում ու ամրապնդվում է ԶԼՄ-ների միջոցով, եւ դրա հետեւանքն այն է լինում, որ շատ գրախանութներ ընդհանրապես հրաժարվում են գիրքը վերցնել վաճառքի, իսկ հրատարակչական գործը այդպես էլ չի կայանում։ Այսինքն, հրատարակիչը վախենում է ստանձնել գրքի հրատարակումն ու իրացումը եւ իր բիզնեսը կառուցում է միայն «նաղդ» պատվերի վրա՝ հեղինակին կամ պատվիրատուին թողնելով գրքի իրացման պրոբլեմները։ Հեղինակ-հրատարակիչ-գրախանութ շղթայի մասին թերեւս արժե առանձին հոդված գրել, իսկ այս հրապարակման շրջանակներում ես կփորձեմ ներկայացնել, թե ինչպես է պետությունն օժանդակում խոցելի վիճակում հայտնված եւ «անընթերցող մնացած» արդի հայ գրականությանը։ Ու քանի որ ինքս բոլորովին վերջերս եմ անցել դրա միջով եւ պատմելու եմ առաջին դեմքով, սա ոչ այնքան լրագրողական հոդված է, որքան բաց նամակ դատախազությանը, որով հույս ունեմ վերջինիս ուշադրությունը հրավիրել գրահրատարակչական գործում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների վրա։

22.04.2014

AR and ALM: Two Harbors in the Television of Independent Armenia

 
Today when, with the dissemination and access of the Internet, television as means of obtaining information is gradually yielding its dominant position and turning into a means of entertainment and leisure, it's worth retrospectively examining the path taken by post-Soviet Armenian television, pointing out the main stops on this path.  

The biggest change in Armenian television is tied with ALM TV — the channel that kept different layers of the Armenian viewing public glued to their screens for 10 years. It wouldn't be an exaggeration if we said that the history of independent Armenia's television is divided into two parts: before ALM and after ALM.

Անկախ Հայաստանի հեռուստատեսության երկու հանգրվան՝ ԱՐ և ԱԼՄ

 
Այսօր, երբ համացանցի տարածման ու մատչելիության հետ հեռուստատեսությունը որպես տեղեկատվության միջոց աստիճանաբար զիջում է իր գերիշխող դիրքը և վերածվում է զվարճանքի ու ժամանցի միջոցի, արժե հետահայաց քննության ենթարկել հայկական հետխորհրդային հեռուստատեսության անցած ճանապարհը՝ մատնանշելով այն հիմնական կանգառները, որ եղել են այդ ճանապարհին։
Ամենամեծ փոփոխությունը հայկական հեռուստատեսության մեջ կապված է ԱԼՄ-ի հետ՝ այն հեռուստաալիքի, որ տասը տարի էկրանների մոտ գամված պահեց հայ հեռուստադիտող հասարակության ամենատարբեր շերտերին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ անկախ Հայաստանի հեռուստատեսության պատմությունը բաժանված է երկու մասի՝ ԱԼՄ-ից առաջ և ԱԼՄ-ից հետո։

18.12.2013

Բարբարա Ֆրիշմուտը


- Աշխարհը կլոր է,- լրջորեն առարկեց Սամուր-Օղլին,- այնպես որ աշխարհի կենտրոնը հավատքի հարց է, իսկ ավելի ճիշտ՝ պայմանավորվածության։
Բարբարա Ֆրիշմուտ, «Հասունացման ժամանակը» 

Ժամը երեքին հանդիպելու էինք Բարբարա Ֆրիշուտին՝ ընթերցումից առաջ նախապես ծանոթանալու, զրուցելու, մտքեր փոխանակելու համար։ Մինչ այդ ունեինք մեկ-երկու ժամ։ Մի քիչ հանգստանալու պատրվակով Հերբերտից պոկվեցինք, գնացինք տուն՝ լվերի դեմ պայքարը շարունակելու համար։ Առավոտից լվերի կենցաղում ինչ-որ ակտիվություն էինք նկատել։ Մինչև ուշ կեսգիշեր տանը չէինք լինելու, հետևաբար տունը կարող էր հնարավորինս երկար մնալ թույնեի ազդեցության տակ։

29.11.2013

Հերբերտը Գրացում


Ընթերցողը հավանաբար հիշում է, որ ավստրիական Գրաց քաղաքում կարճաժամկետ գրական ապաստան ստացած հայ գրողները դաժան և արյունոտ մարտեր էին ունենում իրենց տունը պաշարած, անհայտ ծագմամբ, անտեսանելի միջատների հետ, որոնք բզկտում էին նրանց ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Կարծում եմ՝ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների դեմ պայքարած ՀՀ քաղաքացիները միանգամայն կարող են մտնել մեր դրության մեջ, քանի որ հիմա հետահայաց կերպով ես բազում նմանություններ եմ գտնում այդ երկու պայքարների միջև, որովհետև երկուսի ընթացքում էլ լինում էին պահեր, երբ հաղթանակը շատ մոտ էր թվում՝ այնքան մոտ, որ մեզ թվում էր, թե հաղթել ենք, բայց հաղթանակն անսպասելի ձևով հեռանում էր՝ հուսահատության մեջ գցելով մեզ, երբեմն էլ այնքան անհնար ու անիրական էր թվում, որ փորձում էինք հաշտեցնել մեզ ու համակերպվել նրանց հետ խաղաղ համագոյակցության մտքին։ Մենք մեր գրեթե ամեն օրը սկսում էինք միջատների դեմ պայքարով, որոնք այդ մեղրամիսը բավականին դառնացրին։

11.05.2013

Անտոնիոնիի սիրած հայ նկարիչը


1976-ին իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին այցելել է Հայաստան, եւ հյուրընկալության ծրագրի շրջանակներում նրան տարել են նաեւ այդ օրերին Երեւանում բացված Վիլեն Գաբազյանի անհատական ցուցահանդեսին։ Անտոնիոնին շատ է հավանել նկարչի աշխատանքները, ինչի ապացույցը տպավորությունների գրքում թողած նրա գրությունն է. «Վիլենը հոյակապ նկարիչ է։ Հավատացեք, սա ասում է Անտոնիոնին, ով գիտի, թե ինչ է գեղանկարչությունը»։ Հարցազրույցներից մեկում Վիլենն այսպես է պատմում այդ հանդիպման մասին. «Մենք շփվում էինք թարգմանչի միջոցով, շուրջբոլորը անվտանգության աշխատակիցներն էին, բայց մենք իրար հասկանում էինք կես խոսքից»։ Նկարիչն իր հերթին նկար է նվիրել Անտոնիոնիին, եւ նրանց միջեւ այնպիսի բարեկամություն է հաստատվել, որ Հայաստանից մեկնելուց հետո էլ Անտոնիոնին նամակներ է գրել Գաբազյանին։

03.12.2012

Մեկնարկում է «Մեղրամիս» բլոգասերիալի երրորդ եթերաշրջանը


«Մեղրամիս» բլոգասերիալի և ընդհանրապես «պոզիտիվ»-ի հարգելի երկրպագուներ, բազմաթիվ բլոգադիտողների խնդրանքով շուրջ մեկ տարվա դադարից հետո ես որոշեցի վերսկսել իմ ու Համբարձում Համբարձումյանի՝ Ավստրիա կատարած ուշագրավ ճամփորդության մոտիվներով սերիալի հեռարձակումը։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ երկու տարի առաջ, նման է հրաշքի, և ոչ միայն այն պատճառով, որ մեզ բախտ վիճակվեց գրականության շնորհիվ այցելել Եվրոպա, այլև՝ որ դա մեզ հետ կատարվեց առանց որևէ ծանոթության, միջնորդության ու ջանքի, այլև՝ որ կատարվեց երկուսիս հետ միաժամանակ և մեր ամուսնական կյանքի արշալույսին։ Սակայն կյանքը միայն հրաշքներից չէ բաղկացած։ Կյանքը բաղկացած է նաև կենցաղային հոգսերից, հոգնածության զգացումից, իմաստների կորստից և բազմաթիվ խոչընդոտներից, որ ծլում են սիրո ճանապարհին և որոնք կարող են թյուրիմացության մեջ գցել, թե մեղրամիսն արդեն հետևում է։ Բայց վստահ եմ՝ ովքեր իրենց մեջ ուժ ունեն վերակենդանացնելու հիշողությունը հրաշքների մասին, կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և նրանց սպասվում են նորանոր հրաշքներ։ Ահա այս հոգեթերապևտիկ և կախարդա-հմայական նպատակով է հիմնականում, որ սկսում եմ հեռարձակումը։ 
Չեմ թաքցնի, այս պահին ես նստած եմ նեգատիվի մեջ, որքան էլ որ հայերեն չի հնչում այս արտահայտությունը, ու իմ «Մեղրամիս» բլոգասերիալի կարիքն ամենից շատ ունեմ հենց ինքս։ Ուրախ կլինեմ, եթե այն կարողանա դրական ապրումներ պարգևել որևէ մեկի՝ ինձնից բացի։ Կաշխատեմ նաև հակիրճ գրել, որովհետև ինչպես ինձ է թվում՝ երկու տարում ժամանակն ավելի է արագացել։ Բացի այդ՝ հիմա հիշողությանս մեջ միայն ամենակարևոր մանրամասներն ու մարդիկ են մնացել, որոնց մասին արժե գրել ու կարդալ։
Այսպիսով՝ դեկտեմբերի 10-ից ամեն օր երեկոյան ժամը 21.00-ին հետևեք «Մեղրամիս» բլոգասերիալի  հերոսների քնարական և խոհափիլիսոփայական արկածներին Ավստրիական Գրաց քաղաքում։ Ասեմ նաև՝ շատ կարևոր են ինձ համար ձեր թարմ մեկնաբանությունները, որոնք անպատճառ հաշվի կառնվեն հետագա սերիաներում։ Ի վերջո, ձեր մեկնաբանություններն են, որ իմ բլոգասերիալը տարբերելու են ճամփորդական վիպակից։ Օգնեք կայացնել բլոգասերիալի ժանրը հայ և ընդհանրապես գրականության մեջ։
Ուրեմն, մինչ հանդիպում։

16.12.2011

Ինչպես տեսա Լևոն Տեր-Պետրոսյանին


Մեր հաջորդ հանդիպումը Բիրգիտի հետ էր։ Բիրգիտը մի շատ համակրելի կին էր, գրող, ով նաև տնօրենն էր այն մշակութային կենտրոնի, որտեղ պետք է ընթերցում ունենայինք։ Մինորիտնը Մարիահիլֆ տաճարով գործող վանական համալիր էր, որ 13-րդ դարում հիմնադրել էին ֆրանցիսկյանները։ Վանքն աշխատում էր նաև որպես մշակութային կենտրոն, ուր տեղի են ունենում ցուցահանդեսներ, գրական ընթերցումներ, դասական երաժշտության համերգներ և այլն։ Բիրգիտը նախ ցույց տվեց մեզ դահլիճը, որտեղ պիտի ընթերցումը լիներ, ապա տարավ մեկ այլ սենյակ ու առաջարկեց՝ սուրճ, թեյ, ջուր։ Մենք նախընտրեցինք սուրճը, իսկ Լուիսն ու Բիրգիտը՝ ջուրը։ Սուրճ պատրաստելու պրոցեսն այնքան երկար տևեց, որ ես ու Հաբոն սկսեցինք ամաչել, որ սուրճ ենք ուզել։ Այդ ընթացքում Բիրգտը, մեզնից ներողություն խնդրելով և ասելով, որ դա կապ չունի մեր ընթերցման հետ, գերմաներեն խոսում էր Լուիսի հետ։ Բայց հանկարծ ես սկսեցի հասկանալ գերմաներեն խոսքը։  Նրանք խոսում են Հերբերտից, նրա տարօրինակություններից են բողոքում և այլն։ Չգիտեմ՝ դիխլաֆո՞սն էր այդպես արթնացրել լեզվական ընդունակություններս, թե՞ ուրիշ բան էր կատարվում, երբեմն ամբողջական նախադասություններ էի հասկանում, ու դրանց միջոցով՝ նաև չհասկացածս էր հասկանալի դառնում։ Աղջիկները բամբասում էին։

15.12.2011

Հայկական ռադիոն և հայոց ցեղասպանությունը



Իվանա Օզեցկի «Ստվերներ ինտերյերում» շարքից

Իվանան Ասուզայի հարևանն էր, կողքի սենյակում էր ապրում, մեզ հրավիրեց իր գործերը նայելու։ Գնացինք։ Ստվերներ էր նկարում՝ իրերի ստվերները՝ ֆոտոխցիկով և յուղաներկով։ Վիդեո-արտեր ուներ՝ ձանձրույթի թեմայով, նաև՝ տոտալ վերահսկողության և Մեծ Եղբոր։ Իվանայի գործերը մեզ շատ հոգեհարազատ էին ու հասկանալի, ինչպես նաև՝ Իվանայի արտահայտած մտքերը։ Այդտեղ, ավստրիական Գրաց քաղաքում, Իվանայի աշխատանքները նայելիս ես ինձ վերջապես ամենայն մանրամասնությամբ հասու դարձավ հետխորհրդային ու պոստկոլոնիալ բառերի իմաստը, որոնցով սիրում են մտավոր աճպարարություններ անել հայ տեսաբանները։ Մենք իրար հասկանում էինք նախադասության կեսից։ Ոչ Լուիսի, ոչ Ասուզայի հետ նման փոխըմբռնում հնարավոր չէր։ 

13.12.2011

Տարբեր կոշիկներով աղջիկը



Ասուզայի ծնունդին հրավիրված էին  մարդիկ, որոնք Գրացում էին այս կամ այն արտիստական ծրագրով։ Նրանք բոլորն ինչ-որ բանով իրար նման էին, ինչպես իրար նման են բոլոր գրանտակերներն ու միջազգային ծրագրերից օգտվողները։ Նրանցից մի քանիսին Լուիսն արդեն հասցրել էր ծանոթացնել մեզ, իսկ մյուսներին ծանոթանում էինք տեղում։ Բոլորն ակտիվորեն շփվում էին, իրենց շատ ազատ ու անկաշկանդ էին զգում, բացի Կոնգոյից եկած սևամորթ գրողից։ Նա մեզնից խեղճ էր, կանգնած էր մեկուսի, ամաչկոտ էր ու երկչոտ, ոչ մեկի հետ չէր շփվում։  Ես ու Համբոն հետը շփվելու փորձ արեցինք։ Համբոն հարցրեց՝ հնարավո՞ր է արդյոք, որ հեղափոխությունների ալիքը Կոնգո էլ հասնի։ Գրողն անգլերեն դժվարանում էր խոսել, նրա լեզուն ֆրանսերենն էր, հիմա էլ գերմաներեն էր սովորում։ Մենք մեզնից խեղճացած մարդ էինք գտել, մեզնից ավելի բռնատիրական երկրում ապրող, մեզնից ավելի վատ անգլերեն իմացող, ու հարցակոխ էինք անում։ Անգլերենի չիմացությունից չէր կարող լինել նրա խեղճությունը, քանի որ միայն մեզ հետ չէր այդպես ծուռվիզ։ Ուրեմն ինչի՞ց էր՝ հայրենքի «կլաս»-ի՞ց, թե՞ տաղանդի հզորությունից։ Դե, մենք սովոր ենք, որ տաղանդավոր մարդու մեջ պիտի խեղճություն լինի, և ինչքան տաղանդը շատ, այդքան խեղճությունը՝ մեծ։ Բայց հնարավոր է՝ շփոթում ենք համեստությունը խեղճության հետ։ Հայ ենք, չէ՞։ Մեր խեղճությունը ոչ հայրենիքի «կլասի» հետ կապ ուներ, ոչ տաղանդի։ Մեր խեղճության պատճառը դիցուք լվերն էին։

12.12.2011

Մակեդոնացու պանդոկը



Ընթերցողը երևի աղոտ հիշում է, որ սերիալի հերոսները հեռավոր ու հեքիաթային Գրաց քաղաքում տառապում էին կենդանական աշխարհի անտեսանելի, խորհրդավոր ու արյունարբու ներկայացուցիչների ձեռքից, որոնց դեմ մղվող ամենօրյա պայքարում էլ անցնում էր նրանց մեղրամիսը։ Պայքարը հիմնականում արդյունք չէր տալիս, բայց մեր հերոսները չէին հանձնվում, որովհետև հանձնվելու իրավունք չունեին՝ պարտավոր էին փրկել երրորդ աշխարհի ներկայացուցչի պատիվը։ Նույն այդ ժամանակ արաբական աշխարհում սկսվել էր հեղափոխություների ալիքը, և մեր հերոսները երկընտրանքի մեջ էին. այդ ալիքի ավերածություններին հետևելու համար նրանք պիտի մնային տանը ու նստեին համակարգիչների դիմաց, մինչդեռ  զարգացած երկրի լվերը նրանց ստիպում էին քիմիական զենք կիրառել ու փախչել տնից։
Բայց սահուն անցնեմ առաջին դեմքի հոգնակի թվին, քանի որ, ինչպես հիշում եք, այդ հերոսները մենք էինք՝ տառապած հայ ազգի երկու հարազատ զավակներս՝ ամուսինս ու ես, որ հայտնվել էինք Ավստրիայում հայ գրականությունը ներկայացնելու առաքելությամբ և արդեն հասցրել էինք ծանոթանալ մի քանի արվեստագետների, որ գտնվում էին մոտավորապես մեր կարգավիճակում։ Նրանցից մեկն էլ ճապոնացի և Բեռլինում բնակվող Ասուզան էր, որ հրավիրել էր մեզ իր ծնունդին՝ ճապոնական ուտեստներ համտեսելու։

08.12.2011

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԵՂՐԱՄԻՍ» ՍԵՐԻԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ՝ այս անգամ իսկականից


«Մեղրամիս» բլոգասերիալի հարգելի ու շատ սիրելի ընթերցող, սերիալի հեռարձակումը վերսկսվում է։ Բայց նախքան այդ ուզում եմ ներողություն խնդրել այն անժամանակ ընդհատելու համար, ինչն այն ժամանակ ես բացատրեցի մեկ այլ ճամփորդությունից վերադարձած լինելու հանգամանքով և նոր տպավորությունների առատությամբ։ Գիտեք, որ մի քանի անգամ փորձեցի վերսկսել հեռարձակումը, բայց չկարողացա… Պատճառն իրականում  անակնկալ կերպով ինձ պաշարած հղիությունն էր, որը նույնպես մի յուրահատուկ ճամփորդություն է՝ իր տևողությամբ և մատուցած անակնկալներով համեմատելի թերևս միայն շուրջերկրյա ճանապարհորդության հետ։ Հաճախ հղիությունն ու ծննդաբերությունը հանդես են գալիս որպես ստեղծագործական պրոցեսի փոխաբերություն, թե իբր հեղինակը երկար ժամանակ իր մեջ կրում ու հասունացնում է ստեղծագործությունը, հետո երկունքի ցավերին համարժեք տառապանքով լույս աշխարհ բերում այն։ Կարող է նաև պատրանք ստեղծվել, թե հղիությունը չի խանգարում ստեղծագործելուն, քանի որ դրանք նմանատիպ և նմանաբնույթ վիճակներ են։